ՍԴ նոր անդամի թեկնածուն էլ է մարդամո՞տ
՛՛Հարցերին պատասխանե՞նք, թե՞ բամբասանքներին հետևենք. ես ճանաչում եմ պարոն Թունյանին, գիտեմ նրա կարողությունները, նա քաղաքականցված չէ, եթե անձը քաղաքականցված է լինում, նա ելևէջներով է կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու է ՍԴ թափուր տեղի պաշտոնում առաջադրվել Արայիկ Թունյանի թեկնածությունը, արդյոք կապ ունի այն, որ նա համարվում է Դավիթ Հարությունյանի ՛՛կադրը՛՛:
՛՛ Նա շատ դիպուկ, հանգիստ պատասխանում էր, բարձր կրթույթուն ստացած անձնավորություն է, այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ պետք է քննարկենք՝ ինչը որտեղից սկսվեց, որտեղից ավարտվեց՛՛,-հավելեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը շեշտեց, որ ինքն է առաջադրել Թունյանին:
Հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել այդ թեկնածության վերաբերյալ, նա պատասխանեց. ՛՛Ձեր հետաքրքրության շրջանակը տանում է արդեն բամբասանքի ոլորտ, և բնականաբար, ես իմ կուսակցության գործադիր մարմնում որոշակիորեն ներկայացրել եմ նաև իմ տեսակետը, այնպես որ չի կարելի վերցնել ու նյութ չունենալու պատճառով սկսել փորփրել անհեթեություններ՛՛:
Հարցին՝ միգուցե Թունյանին էլ, ինչպես ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանին նշանակում են պաշտոնում, քանի որ նա էլ Բաղդասարյանի նման մարդամոտ է, Սահակյանը պատասխանեց. ՛՛Նրանք ովքեր հարգում են մարդկանց, ես նրանց համարում եմ մարդամոտ, մարդու արժանապատվությունը մարդկանց հարգելու մեջ է, այս դեպքում նույնը կասեմ՛՛: