Եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու ցանկություն ունենա, մենք դա չենք կարողանա կանխել. Մանվել Եղիազարյանը պատրաստ է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին, մասնավորապես թշնամու դիվերսիոն գործողությունների հետևանքով մեր զոհեր ունենալու ցավալի հարցին:
“Պատերազմներն անխուսափելի են բոլոր ժամանակներում: Իսկ Լեռնային Ղարաբաղում դա անխուսափելի է: Մենք անընդհատ ասում ենք, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Նախիջևանը Թուրքիա է: Կարծում եմ, որ նրանք ուզում են մեր ուժերը ջլատել, որպեսզի մենք տեղակայենք մեր ուժերը Նախիջևանի սահմանին ու թուլացնենք մեր դիրքերը Ղարաբաղում”,- նշեց հրամանատարը:
Եղիազարյանի դիտարկմամբ ամենալավ հատկանիշներից մեկը, որը պիտի ունենա մարդը, դա հայրենիքին նվիրվելն ու նրա համար զոհվել կարողանալն է:
՛՛Եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու ցանկություն ունենա, մենք դա չենք կարողանա կանխել: 1992 թ. պատերազմը հենց այսպես էլ սկսվեց: Ժամանակն է, հարկավոր է մեկ-մեկ էլ պատասխան տալ: Մեր խրամատներն այնպես պետք է ամրացնենք, որ ամեն կրակոցից մեր երեխեքը չզոհվեն”,- փաստեց Եղիազարյանը:
Արցախյան ազատամարտի հրամանատարների հայտարարությունը Մանվել Եղիազարյանի դիտարկմամբ կայացվել է լուրջ վերլուծություններից հետո. ՛՛Ադրբեջանական բանակը միատարր չէ, այնտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կան: Նրանք չեն կռվելու, որովհետև դա իրենց հայրենիքը չէ: Ալիևը հերթական խոսքն է ասել: Ռուսաստանը վերջին վայրկյանին իր շահերն է պաշտպանելու: Ուորլիքի խոսքից Ադրբեջանցիները թև են առել: Գուցե այսօր Հայաստանում մարդիկ քիչ են, բայց որակ մենք կարող ենք ապահովել: Եթե նրանց հերոսը կացնով մարդ սպանողն է, այդպիսի ազգից էլ ի՞նչ մարտունակություն եք սպասում՛՛,- հավելեց ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատարը: