17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանի քաղաքապետը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետի հետ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ: Կարեւորելով Երեւանի վարչական շրջանների եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ եւս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն:

“Արդեն երկու տարի է, ինչ հայկական երկու պետությունների մայրաքաղաքներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, եւ աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքի արդյունքն իսկապես նկատելի է: Մենք կարեւորում ենք նաեւ ԼՂՀ մյուս քաղաքների եւ շրջանների հետ համագործակցության ձեւավորումն ու ընդլայնումը եւ այդ համատեքստում ողջունում եմ վերջերս Արաբկիր վարչական շրջանի եւ ԼՂՀ Մարտունի քաղաքի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Համոզված եմ, որ այդ փոխգործակցությունը եւս կլինի հաջողված եւ կյանքի կկոչվեն համաձայնագրով նախանշված բոլոր ծրագրերը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումն ու փորձի փոխանակումն իսկապես անհրաժեշտություն էր:

“Հաշվի առնելով Երեւանի վարչական շրջանների եւ քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային փորձն ու գիտելիքները՝ վստահ եմ, որ դրանց փոխանցումը հաստատապես կնպաստի մեր քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, այն պատրաստակամության ու ջանքերի համար, որ ցուցաբերում եք Երեւանի եւ ԼՂՀ շրջանների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնման հարցում”,-  նշել է Մհեր Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Արաբկիր վարչական շրջանի եւ ԼՂՀ Մարտունի քաղաքի հետագա համագործակցությունն ընդլայնելուն առնչվող հարցեր:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ