Առաքել Մովսիսյանին առաջարկում են սահմանադրական բարեփոխումներով զբաղվել. ավելի լավ կանի
Այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ բավական հեգնող ելույթ ունեցավ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց եվրոպական կառույցներին նման քննարկումներ կազմակերպելու համար: ՛՛Ես իմ հարգանքների հավաստիքն եմ հանձնում ու շատ դրական եմ գնահատում իրենց բարի ցանկությունները՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով այս երկրում ինչ-որ բան փոխելու, ինչին ես չեմ հավատում՛՛,-նշեց նա: Խուրշուդյանի խոսքով՝ ՀՀ-ը երեք նախագահ է ունեցել և արդեն երրորդ անգամ Սահմանադրություն փոխելու կարիք կա: ՛՛Այստեղ կապ կա, ու ամեն Սահմանադրություն գրվում է տվյալ նախագահի համար՛՛,-նկատեց նա:
Խուրշուդյանն առաջարկեց Սահմանադրության մեջ գրել, որ յուրաքանչյուր նախագահի համար պետք է նոր Սահմանադրություն ընդունվի, որ ավելի ամրապնդի նրանց իշխանությունը: Նրա մեկ այլ կատակով արված առաջարկը վերաբերում էր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների տարիքին: Խոսնակը նկատեց, որ երկրի առաջին երեք դեմքերը գերազանցում են հիսուն տարեկանը, և նրա խոսքով՝ կարելի է դա էլ ամրագրել Սահմանադրությամբ:
՛՛Այսօր գործող հիմնական անձինք, որոնք առաջիկա տարիներին ղեկավարելու են մեր երկիրը, և դրա մասին հայտարարվել է. Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը 50 տ-ի ցենզին համապատասխանում են: Գալուստ Սահակյանին ավելի շատ կսազի վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանին՝ նախագահի, Սերժ Սարգսյանին էլ՝ ԱԺ նախագահ՛՛:
Ըստ Խուրշուդյանի՝ հիմա սահմանադրական բարեփոխումների հանձնաժովը բավական բարդ խնդրի առաջ է կանգնած, որ այնպես փոխի սահմանդրությունը, որ օլիգարխիայի մեկ տոկոսի մեջ բաժանի իշխանությունը, որ գոհ մնան ու իշխանափոխություն էլ չլինի:
՛՛Ես կարծում եմ՝ սահմանադրական հանձնաժողովի անդամներին էլ պետք է փոխել, ավելի պրոֆեսիանալ մարդկանցով համադրել, օրինակ՝ Առաքել Մովսիսյանը շատ ավելի լավ կարող է այդ խնդիրները լուծել ու ավելի ճիշտ առաջարկներ անել, քան մեր փորձառու ինստիտուցիոնիստները՛՛,-եզրափակեց նա: