Քննարկվել են բազմաթիվ հարցեր
Ս.թ. հունիսի 4-6-ը Մոսկվա եւ Նիժնի Նովգորոդ էր մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Այցի առաջին օրը` հունիսի 4-ին, պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի հետ: ՌԴ Դաշնության խորհրդից հանդիպմանը ներկա էին Ն.Ռիժկովը, Ի.Չերնիշենկոն, Ի.ֆեդինը, Վ.Նիկիտինը, Բ.Ռեզնիկը եւ այլոք: Վ.Շտիրովը իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ երկու երկրները համագործակցում են բոլոր ուղղություններով`կարեւորելով Եվրասիական տնտեսական միություն միանալու Համաձայնագրի ընթացքը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը, ողջունելով գործընկերներին, բարձր գնահատեց հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի դինամիկ եւ արդյունավետ աշխատանքը` ընդգծելով Հանձնաժողովի ստեղծման եւ համատեղ աշխատանքի ընթացքում ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի մեծ ավանդը:
Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց նախորդ եւ առաջիկա նիստերի օրակարգային հարցերի կարեւորությունը, մասնավորապես`փոքր եւ միջին բիզնեսում տնտեսական մեխանիզմների բարելավումը:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց որ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է երկաթուղու գործունեությունը ուսումնասիրող աշխատանքային խումբ եւ ՀՀ Ազգային ժողովում նախատեսվում է անցկացնել հարավ-կովկասյան երկաթուղու աշխատանքների ընթացքի հետ կապված խորհրդարանական լսումներ: Նա նշեց, որ հանձնաժողովի ձեւաչափով քննարկումները կարող են հանդիսանալ ինտեգրացիոն գործընթացների խորացման հետագա քայլերի մշակման համար կարեւոր հարթակ:
Նիկոլայ Ռիժկովը, ողջունելով հայկական պատվիրակությանը, շեշտեց, որ Հանձնաժողովը հստակ ներկայացնում եւ արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխադարձ հետաքրքրությունները: Զրույցի ընթացքում նա իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին` նշելով, որ Հանձնաժողովի տասնհինգամյա հոբելյանի առիթով ռուսաստանյան կողմի անդամները արժանացել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բարձր պարգեւների, որոնք կհանձնվեն նիստի ընթացքում:
Երկկողմ հանձնաժողովի համանախագահներն անդրադարձան հաջորդ նիստի օրակարգային հարցերին` առաջարկելով քննարկել Մաքսային միության հետ կապված համատեղ գործընթացները եւ Հայրենական Մեծ պատերազմի 70 ամյակին, ինչպես նաեւ Մեծ Եղեռնի հիշատակի հարյուրամյա հոբելյանին նվիրված միջոցառումները, որոնք կկազմակերպվեն նաեւ տարբեր երկրներում: Ռուսաստանյան կողմը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու միջոցառումների իրականացմանը :
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաեւ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Մաքսային միության գործընթացների համատեքստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզին առնչվող աշխատանքները:
Պատվիրակության հանդիպումը ՌԴ ԴԺ Պետդումայում
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ: Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը` ՌԴ ԴԺ Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը եւ միջխորհրդարանական համագործակցությունը:
Նա նաեւ հրավիրեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանին եւ մյուս խորհրդարանականներին` մասնակցելու հունիսի 26-ին կայանալիք երրորդ Միջխորհրդարանական համաժողովի աշխատանքներին: Կողմերը անդրադարձան նաեւ միասնական ինտեգրացիոն գործընթացներին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը նշեց, որ երկկողմ հանդիպումներն անցնում են դինամիկ եւ հագեցած: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օrակարգին, որը, մասնավորապես, կվերաբերի երկու երկրների փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ու հեռանկարներին:
Հ.Նաղդալյանը շեշտեց երկու կողմերի ռազմավարական գործընկերությունը` հիշատակելով 2013թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը վավերացման ընթացքի մեջ է:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ ընդհանուր ինտեգրացիոն գործընթացին, միգրացիոն խնդիրներին, ինչպես նաեւ, տարածաշրջանում սպառազինության ավելացմանն առնչվող հարցերին:
Բոլոր հանդիպումներին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներն ընթացան երկկողմանի ակտիվ եւ կառուցողական քննարկումներով: