Երեւանում կկառուցվի գեղասահքի դպրոց.հիմնարկեքին մասնակցել է նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Նոր հեծանվահրապարակի հարեւանությամբ կառուցվելիք դպրոցի հիմնարկեքին մասնակցել է նաեւ գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել դպրոցի ստեղծման ծրագրին եւ պատրաստակամություն է հայտնել այն շահագործման հանձնելուց հետո հնարավորինս աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում:
Դպրոցը կկառուցվի Մոսկվայի “ՄոնԱրխ” ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով եւ կնվիրաբերվի Երեւան քաղաքին: Արարողությանը ներկա է եղել ռուսաստանյան շինարարական այդ ընկերության ղեկավար Ս. Համբարձումյանը եւս: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:
Այն կմեկնարկի ս.թ. հունիսին եւ պատասխանատուների հավաստմամբ, կավարտվի սեղմ ժամկետում՝ 2015թ.: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ եւ օժանդակ կառույցներ: