Գագիկ Հարությունյանը վիրավորվեց Նաիրա Զոհրաբյանից
Քաղաքական ուժերի մասնակցությամբ շարունակվում են սահմանադրական բարեփոխումների քննարկումները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ մնում են կարգախոսով, շատ ելութներ մնում են հռչակագրային մակարդկով, քանի որ չկա քաղաքական կամք դրանք իրագործելու: ՛՛Շատ դեպքերում սահմանադրությունից վեր ուժեր ու մարդիկ կան, ու երկրի գլխավոր խնդիրը ոչ թե լավ, կամ վատ օրենքն ու սահմանադրությունն է, այդ դրանք կյանքի կոչելու պատրաստակամությունը՛՛,-հայտարարեց նա՝ հավելելով, որ մշտապես բախում է եղել այդ քաղաքական կամքի բացակայության հետ: Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն արձագանքեց, որ սա ոչ թե հարց էր, այլ կարծիք, ամեն դեպքում պիտի նշի. ՛՛Չի կարելի մեկը մյուսով նույնականացնել կամ բացատրել, կարևոր է սոուբյեկտիվ գործոնի դերն ու քաղաքական կամքի, կարևոր է նաև իրավական բացի դերը, որ քաղաքական կամքի դրսևորման տեղ է ստեղծում՛՛,-նկատեց նա:
Հարությունյանի խոսքով՝ մեկ մարդու կամքից չէ սա կախված: ՛՛Ինձ համար մասնագիտական մոտեցման տեսանկյունից կարևորություն ունի ոչ միայն անձն ու քաղաքական կամքը, այլ իրավական համակարգի մեխանիզմը՛՛,-հավելեց նա:
Զոհրաբյանը արդեն իր ելույթում նկատեց, թե ցանկացած խնդիր իր լուծումը պետք է ստանա հասարակական համաձայնության արդյունքում, այլապես յուրաքանչյուր պարտադրանք կարող է հակառակ արդյունք տալ: ՛՛Ամենալավագույն գաղափարն անգամ կարող է լինել խիստ ռիսկային, եթե այն չի իրականացվում ճիշտ պահին, ժամանակի և ճիշտ իրադրության մեջ: ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ համոզմամբ՝ այսօր փորձ է արվում այս փոփոխություններով ձևավորել արհեստական օրակարգ, որն ուղղակիորեն հեռու է այն իրական կենսական օրակարգից, որն առաջարկում է ժողովուրդը: Իսկ իրական օրակարգը բացառապես այլ մարտահրավերներ է ներառում՝ գործազրկություն, ահագնացող արտագաղթ, աղքատություն, սոցիալական լրջագույն ճգնաժամ, որում այսօր հայտնված է երկիրը: Պետք չէ առաջնորդվել այն վտանգավոր թեզով, թե ժողովուրդը չգիտի, թե իրեն ինչ է անհրաժեշտ, և մենք կարող ենք ճիշտ լուծումներն առաջարկել՛՛,-շեշտեց նա:
Ցիտելով Գագիկ Հարությունյանին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե փոփոխությունների նպատակը պետք է լինի, որպեսզի իրավունքը կախված չլինի մեկ անձի կամ քաղաքական ուժի կամքից, տրամադրությունից: Նա նշեց, որ ուսումնասիրել է առաջարկվող փոփոխությունները և այնպիսի տպավորություն է ստացել, որ այն արտահայտում է խիստ կոնկրետ թիմի կոնկրետ տրամադրվածություններ և պաշտպանում է կոնկրետ քաղաքական թիմի քաղաքական շահերը: ՛՛ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունն այս փուլում դեմ է առաջարկվող սահմանադրական փոփոխություններին: Խորհրդարանում ներկայացված հիմնական քաղաքական ուժերի գերակշիռ մասի կողմից հնչեցված գնահատականները համահունչ են մեր գնահատականի հետ՛՛:
Գագիկ Հարությունյանն էլ նկատեց, թե վիրավորանք է իր համար Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե այս փոփոխությունները կոնկրետ մարդկանց շահերի համար են արվում: ՛՛Հանձնաժողովը փորձել է լինել ազնիվ, սա պատվերով փաստաթուղթ չէ, մենք դեռ քվեարկություն չենք էլ արել: Սա մասնագիտական հանձնաժողովի մոտեցումների որոշակի շարադրանք է: Չստեղծենք կեղծ պատրանք, որ հանձնաժողովը որոշակի քաղաքական շահ է սպասարկում՛՛,-հորդորեց նա: