՛՛ԵՄ-ը չի կարող Հայաստանին խորհուրդ տալ՛՛
Այսօր սկսվեց սահմանադրական բարեփոխումների նվիրված հերթական քննարկումը քաղաքական կուսակցությունների հետ: Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ:
Ներկաներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: Դեսպան Հրիասթեան նշեց, որ շատ կարևոր է, որ բոլոր կողմերը որոշում կայացնեն՝ բարեփոխումներն անհրաժեշտ են, թե ոչ: ՛՛Այս օրերին երեք հիմնական հարց է քննարկվելու, նախ՝ անհրաժեշտ ե,ն թե ոչ սահմանադրական բարեփոխումները, և եթե անհրաժեշտ են՝ երբ, կառավարման որ համակարգն է պետք, և երրորդ՝ սահմանադրական բարեփոխումները որքանով են կապված ընտրական բարեփոխումների հետ՛՛:
Տրայան Հրիսթեան ընդգծեց՝ ԵՄ-ը չի կարող Հայաստանին խորհուրդ տալ, թե ինչ կառավարման համակարգ պետք է ունենա, դա սուվերենտ որոշում է, և ցանկացած համակարգում բարելավելու տեղ կա, հատկապես ուժերի հավասարակշռության տեսակետից, ինչն ամենակարևորն է:
Ինչ վերաբերում է ընտրական բարեփոխումներին, ապա դեսպանն ասաց, որ խաղի կանոնները չպիտի փոխվեն ընտրություններից մեկ տարի առաջ, այսինքն՝ պետք է իրականացվեն մինչև 2016 թվականի գարունը:
Անդրեյ Սորոկինն էլ հավելեց, որ այս քննարկումները թույլ կտան գտնել իրավական լուծումներ ու իրականացնել համակարգային խորը փոփոխություններ ու բարեփոխումներ: ՛՛Այս առումով կարևոր է քաղաքական կուսակցությունների դերը անկախ նրանից՝ իշխանություն են, թե ընդդիմություն՛՛,-ընդգծեց նա: