Իրականացվել են բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումներ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:
Հիվանդների վաղաժամ հայտնաբերման և համաճարակային հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների կողմից ձեռնարկվել և շարունակվում են իրականացվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային մի շարք միջոցառումներ։ Բնակչության շրջանում, մասնավորապես` թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված անձանցից կատարվել են արյան նմուշառումներ` լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ: Բոլոր հիվանդների մոտ հիվանդությունն ընթացել է հիմնականում թեթև ծանրությամբ։ Նրանց նշանակվել է բուժում և տրամադրվել անհրաժեշտ դեղորայք։
Բժշկական հսկողություն է սահմանվել նաև թիրախային համայնքների ողջ բնակչության շրջանում, միաժամանակ իրականացվել է կենցաղային պարագաների ախտահանում:
Բնակչությանը տրամադրվել է Ի՞նչ է բրուցելոզը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից վերտառությամբ հուշաթերթեր, փոխանցվել են բժշկահիգիենիկ գիտելիքներ, կատարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն:
ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրավիճակը վերահսկելի է:
Աշխատանքները շարունակվում են։