Ո՞վ է նման բան ասել… մենք Իրանի հետ հիմա էլ առևտուր ենք անում,
՛՛Իրանը մնում է մեր հաստատուն ու լավ բարեկամ երկիրը, և Իրանի հետ ցանկացած տնտեսական հարաբերության զարգացում ՀՀ-ի համար շատ ձեռնտու է, հատկապես եթե դա լինի ազատ տնտեսական գոտի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը`խոսելով Իրանի սահմանի հետ նոր տնտեսական գոտու մասին: Նախարարը նշեց՝ այն կարող է և՛ արդյունաբերություն լինել, և՛ ներառել այնպիսի ոլորտներ, որոնք փոխադարձ հետաքրքություն են առաջացնում: ՛՛Նաև գործարարների մոտ մեծ հետաքրքրություն կա ոչ միայն ՀՀ-ում, այլև ՀՀ-ից դուրս` նաև սփյուռքի գործարարների մոտ՛՛:
Ճշմարիտյանի խոսքով՝ համագործակցությունը հիմնականում արտադրական է լինելու, այսինքն` համատեղ ձեռնարկություններ, համատեղ ծրագրեր: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Հայկական առևտրաարդյունաբերական պալատն է հայկական կողմից որպես օպերատոր հանդես գալու: Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես է հնարավոր Իրանի հետ փողային գործարք անել սանկցիաների պարագայում, նախարարը զարմացավ. ՛՛Ո՞վ է նման բան ասել… մենք Իրանի հետ հիմա էլ առևտուր ենք անում, սանկցիաներն ի սկզբանե վերաբերում են այն ընկերություններին, որոնց հետ Հայաստանը չի էլ գործակցել՛՛: