Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրվող Դավիթ Խաչատրյանի դատավճռիռը դատավարությունից առաջ է կայացվել /վիդեո/
Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ, չնայած նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ ավելացնելով, որ հավանաբար միջնորդություն կներկայացնի իր պաշտպանյալին “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ տեղափոխելու մասին:
Ըստ Երեմ Սարգսյանի, դատարանը տարբերակված մոտեցում է նկատում իրենց նկատմամբ: Փաստաբանի խոսքով, դատավճիռը կայացվել է դատավարությունից առաջ: “Երբ Լյուքսի հարազատները նրա դիակը Երեւան բերելու սպառնալիքով պահանջեցին, որ խիստ պատիժ լինի, այդ ժամանակ նամակ էին գրել Պաշտպանության նախարարին եւ պահանջել 18-20 տարվա ազատազրկում”,-ասաց նա:
Դավիթի արարքում հանցակազմ կա, սակայն Լյուքսի վրա կրակելու մտադրություն չի ունեցել: Երեմ Սարգսյանի խոսքով Դավիթը վախեցնելու մտադրություն է ունեցել եւ այստեղ խոսքը զենքը անզգուշաբար օգտագործելու մասին է:
“Հրամանատարը դատարանում հարցաքննության ժամանակ ասաց, որ իրենք որեւէ զինվոր չունեն, որ կարողանար նման դիրքից կրակեր: Դավիթը իր ցուցմունքում հայտնել է, որ իջեցրել է զենքը, սակայն վախեցնելու, այլ ոչ թե կրակելու մտադրություն է ունեցել, այն պատահաբար դիպել է իր պայուսակին: Իհարկե, նա անգամ չլիցքավորված զենքը իրավունք չուներ պահել որեւէ մեկի վրա, սակայն սա այլ հոդվածով պատասխանատվություն է նախատեսում, այն է՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտումը, որը անզգուշությամբ մահ է առաջացրել”,-ասաց փաստաբանը:
Շարունակությունը տեսանյութում:
Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 15-ին զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի համար դատախազը պահանջել է 18 տարի ազատազրկում: