19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԿ-ճանապարհային ոստիկանություն փոխգործակցություն` ծխելու դեմ պայքարում

«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հունիսի 2-ին կազմակերպել էր «Համագործակցություն՝ հանուն ծխից զատ միջավայրի» թեմայով կլոր սեղան։ Մասնակցում էին տարբեր ՀԿ-ների, համայնքների քաղաքապետարանների, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։

«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն երկու ամիս շարունակ սեմինարներ է վարել երիտասարդների համար՝ նրանց ծանոթացնելով պասիվ ծխելու վնասներին: Ծրագրի մասնակիցները շրջել են երթուղայիններով, արձանագրել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքեր ու այդ մասին տեղեկացրել համապատասխան քաղաքապետարաններին:

«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը նշեց, որ իրենց գլխավոր հիմնախնդիրներից է համագործակցել լիազոր մարմնի ներկայացուցիչների հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ իրենք հասարակական տրանսպորտում փակցրել են պաստառներ, որոնք իրազեկում են, որ տրանսպորտում արգելվում է ծխելը, և կոչ են անում վարորդներին չծխել։ Նա նկատում է, որ երբեմն շատ դժվար էր պաստառները տրանսպորտում փակցնել, քանի որ վարորդների կողմից հանդիպում էին խոչընդոտների։ Անահիտ Թովմասյանը նաև նշում է, որ պաստառների գոյությունը հոգեբանական ազդում է վարորդների վրա և շատ դեպքերում զսպում նրանց ծխելու  ցանկությունը։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի տեսուչ, ոստիկանության  ավագ լեյտենանտ Խաչատուր Սամվելյանը կարևորեց վարորդների շրջանում նման ակցիաների իրականացումը։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին մեծ վերահսկողություն է իրականացվում ծխող վարորդների նկատմամբ։ Նման փաստեր հայտնաբերելու դեպքում վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ 3000 դրամի չափով։ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ բնակավայրերից դուրս մայրուղիներում, որտեղ թույլատրելի արագությունը 90 կմ/ժամ է, շատ հաճախ վթարների պատճառ է դառնում վարորդի ծխելը։

Նշենք նաև, որ «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն մոտ 700 վարորդի շրջանում իրականացրել է հարցումներ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ նրանց 90 տոկոսը ծխում է, սակայն վարորդները նշել են, որ ղեկին չեն օգտագործում ծխախոտ։ Կլոր սեղանի մասնակիցները խիստ կասկածում էին նման պնդումների հավաստիությանը։

Հիշեցնենք, որ «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հակածխախոտային ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ