19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

 

Հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքը:

Խորհրդակցությանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային ելույթով հանդես եկավ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Հանրապետության ղեկավարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա մարտահրավերներին, դրանց դիմակայելու գործում արտաքին քաղաքական գերատեսչության անելիքներին: Նախագահ Սարգսյանը ներկայացրեց նաև գործընկեր երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակն ու խոսեց հեռանկարների մասին: Նա անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հրադադարի հաստատումից քսան տարի հետո առկա վիճակին:

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, իսկ երկու ամիս առաջ ես եմ այցելել ԱԳՆ կենտրոնական ապարատ։ Բացի այդ վերջին ժամանակներս բավականաչափ հաճախ են դարձել այցելությունները, որոնց ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել ձեզնից շատերի հետ հանդիպելու և խոսելու: Այս հավաքը շատ լավ առիթ է անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող և նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին:

Ցավով պետք է արձանագրենք, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դա թելադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների գործունեության շարունակական կատարելագործում, միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդում: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար: Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի և հայության շահերը»,- ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետության Նախագահը:

Հանրապետության Նախագահը խոսեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին համայն հայության ջանքերի համադրման և համակարգված աշխատելու, այդ խնդրին համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելու և Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության մասին:
Իր խոսքում Նախագահն անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և այդ պարագայում տնտեսական հարաբերություններին:
Նախագահ Սարգսյանը կարևորեց նաև սիրիական ճգնաժամի բոլոր ռիսկերն ու հետևանքներն իրենց վրա զգացող Սիրիայի ստվար հայկական համայնքին Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նախագահն առանձնակի արժևորեց Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Գլխավոր հյուպատոսության գործունեությունը, որոնք այս ողջ ընթացքում գործուն աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը և շնորհակալություն հայտնեց այդ երկրում աշխատող մեր դիվանագետներին՝ խիզախ ու անձնվեր ծառայության համար:
Նախագահը խոսեց տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում մեր երկրի կողմից իրականացվող գործուն աջակցության քայլերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է իր պարտականությունները` առաջնահերթ համարելով դաշնակցային հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը կարևորեց Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցությունն ու եվրոպական պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:

Հանրապետության Նախագահը ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրեց նաև դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա: Նախագահն ընդգծեց, որ մեր հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը և ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Դրանց թվում, Նախագահի համոզմամբ, կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ հյուպատոսական ծառայությունների որակին ևս՝ ընդգծելով, որ չնայած հյուպատոսական ոլորտում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ միտված քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը, այնուամենայնիվ դեռևս շատ անելիքներ կան: Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր բարեփոխման կամ նորարարության ներդրման առաջին գնահատողը Հայաստանի քաղաքացիներն են, և միայն նրանց դրական գնահատականն ու գոհունակությունն է հյուպատոսական ծառայության գործի առաջնային ցուցիչը: Ցանկացած որակյալ ծառայություն իրականացնելու համար, ըստ Նախագահի, հարկավոր են որակյալ կադրեր, որի ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացվում: Դիվանագիտական ծառայությունը որակյալ կադրերով համալրելու գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորեց Դիվանագիտական դպրոցի դերը:

Ելույթի ավարտին Նախագահը հաջողություններ մաղթեց դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմին և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Հանրապետության ղեկավարը հանձնարարականներ տվեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորեց դեսպանահավաքի քննարկումների ընթացքում Հանրապետության Նախագահի կողմից դրված խնդիրների և տրված հանձնարարականների իրականացման ուղիների նախանշումը: Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի կողմից երկկողմ և բազմակողմ հարթություններում ձեռնարկվող դիվանագիտական քայլերին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում մեր երկրի ներգրավվածությանը, խորհրդարանական և մշակութային դիվանագիտությանը, դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
“Այն, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է, ստորագրել է շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում վեց տասնյակից ավելի մեր ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների ծավալուն աշխատանքի:

 

Որպես դիվանագետի աշխատանքի գնահատական՝ նախորդ տարի Հայաստանի պետական տոնացույցում իր մշտական տեղը գտավ դիվանագետի օրը։
Հայաստանն այսօր կարողանում է իր համար կարևորություն ունեցող տարբեր հարցերի, միջազգային օրակարգի մաս կազմող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ իր ձայնը լսելի դարձնել միջազգային ամենատարբեր հարթակներում: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում Հայաստանը դիտվում է որպես վստահելի գործընկեր, որի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ընկալելի է տարբեր մայրաքաղաքներում:

 

Հայաստանն իր շարունակական նպաստն է բերում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքների հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, վեճերի խաղաղ կարգավորման, տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

 

Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների սատարումը։

 

Մեր առջև դրված խնդիրներն ու անելիքները շատ ավելին են, և ես հուսով եմ, որ մեր հավաքը խթան կհանդիսանա առավել ակտիվ, արդյունավետ, հետևողական և համակարգված աշխատանքի` Հայաստանի արտաքին քաղաքականությունը պատշաճ իրականացնելու համար”, ասաց նախարար Նալբանդյանը։
Դեսպանաժողովին ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով ներկայացրեց Հայաստանի խորհրդարանի միջազգային գործունեությունը, միջխորհրդարանական կապերը, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում ԱԺ պատվիրակությունների գործունեությունը, անդրադարձավ ԱԺ և ԱԳՆ համագործակցության, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հարցերին: Ելույթից հետո ԱԺ նախագահը միջպետական կապերի ամրապնդման և դիվանագիտական աշխատանքում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրվեց Լիտվայում, Դանիայում, Իտալիայում և Չեխիայում Հայաստանի դեսպաններին:
Դեսպանահավաքին ելույթ ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հայեցակարգը, Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձավ արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալիքներին: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը խորացնելու է ակտիվ և նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը՝ առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրացիոն հնարավորություններից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը և Եվրոպական միության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափի ձևավորմանը: 
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հարցում:

Հայաստան-Սփյուռք համագործակցության, համահայկական միջոցառումներին, տարբեր երկրներում հայ համայնքային կառույցների հետ աշխատանքին, հայագիտության և հայապահպանման բնագավառներում իրականացվող աշխատանքներին, Սփյուռքի նախարարության նախաձեռնություններին և ծրագրերին, ԱԳՆ և Սփյուռքի նախարարության միջեւ փոխգործակցությանն անդրադարձ եղավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթում և դրան հաջորդած քննարկումներում:

Դեսպանահավաքի բանախոսն էր նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով խոսեց այլ երկրների հետ մշակութային կապերի ամրապնդման և զարգացմանն ուղղված գործունեության, մշակութային օրերի և շաբաթների կազմակերպման գործում ԱԳՆ-ի և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցության մասին

Հանդիպման մասնակիցները հանգամանալից քննարկումներ ծավալեցին Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, երկկողմ ու բազմակողմ հարթություններով աշխատանքներին, միջազգային օրակարգի ակտուալ հարցերի, դիվանագիտական ծառայության կրթական, կադրային հարցերի շուրջ։

Խոհրդակցության մեկնարկից առաջ մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ