Վարչապետը ՀՀ դիվանագետներից ակնկալում է նախաձեռնողական ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականության իրականացում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձել` արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի դիվանագետներից սպասվող ակնկալիքներին:
“Հայաստանը հավատարիմ է իր հանձնառություններին, եւ մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի ղեկավարությամբ, դրսեւորում է անհրաժեշտ կամք եւ սկզբունքայնություն՝ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը երաշխավորելու հարցում: Հիմք ընդունելով ՀՀ նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշները՝ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման ապահովմանը, երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, Հայաստանի միջազգային ներգրավվածության ամրապնդմանը”,- դիմելով դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին՝ նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խորացնելու է ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը, բոլոր գործընկերների հետ փոխլրացնող հարաբերությունները՝ առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրացիոն հնարավորություններից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը եւ Եվրոպական միության հետ համագործակցության նոր իրավական ձեւաչափի ձեւավորմանը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին արտոնությունների ընդհանուր համակարգի ռեժիմի տրամադրումը հայ արտահանողների համար առավել գրավիչ կդարձնի եվրոպական շուկաները՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը Եվրոպա: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Եվրասիական մաքսային միությանը ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու Եվրասիական շուկա՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով Եվրոպային Հայաստանի ամենամոտ լինելու հանգամանքը:
“Ներկայում ՀՀ տնտեսությունն առավել ազատական է եւ գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Այս առումով մեծապես կարեւորում եմ միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման, Հայաստանի՝ որպես ներդրումային երկիր ճանաչելիության բարձրացման աշխատանքները՝ միջազգային ներդրումային համաժողովների, գործարար ֆորումների կազմակերպման, ինչպես նաեւ հեղինակավոր ֆինանսական եւ գործարար լրատվամիջոցներով քարոզարշավների իրականացման միջոցով:
Առաջնային են նաեւ համակարգված աշխատանքները միջազգային տնտեսական եւ ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման, ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման, ՀՀ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եւ դիվերսիֆիկացման, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:
Ներկայում բազմաթիվ բարեկամ երկրների հետ մեր ունեցած տնտեսական պատկերը չի համապատասխանում առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին, ինչն, ըստ ամենայնի, երկուստեք որոշակի պասիվության, նախաձեռնությունների պակասի կամ ոչ բավարար տեղեկացվածության արդյունք է: Այս գործում չափազանց կարեւոր է դիվանագետների նպատակաուղղված, համակարգված ու հետեւողական աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել այնպիսի փոշխահավետ առեւտրատնտեսական ու գործարար համագործակցության կայացմանը, որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում: Առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ գործընկեր պետությունների հետ քաղաքական երկխոսության ընդլայնման տեսանկյունից առանցքային են միջտարածաշրջանային համագործակցության ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը ստեղծելու է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման եւ տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թվի ավելացման համար: Վարչապետը հորդորել է դիվանագետներին առանձնակի ուշադրության արժանացնել ՀՀ մարզերի եւ քաղաքների կողմից ՀՀ արտգործնախարարությանը ներկայացված տեղեկատվության ճիշտ եւ նպատակային շրջանառության ապահովման խնդիրը՝ տարբեր երկրների վարչատարածքային միավորների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով:
Միաժամանակ, կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԳՆ-ի եւ արտաքին տնտեսական հարաբերությունների համար պատասխանատու գերատեսչական մարմինների միջեւ համագործակցության առավել խորացումը՝ ՀՀ գործարար հնարավորությունների եւ ներդրումային պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու համար:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հարկ է նոր լիցք հաղորդել արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու ուժեղացմանն ուղղված միջոցների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ գործադիրի առանցքային խնդիրներից է Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա զարգացման ապահովումը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է սփյուռքի օգնության զուգորդումն ակտիվ գործարար աջակցությամբ եւ տարբեր ծրագրերով՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխրախուսի ու կաջակցի սփյուռքի ներդրումները ՀՀ զարգացման գործում:
“Կառավարությունը գործունեության գերակա նպատակ է հռչակել ՀՀ քաղաքացուն եւ նրա ազատության, անվտանգության, բարեկեցության բարձրացման ապահովումը: Այս առումով առանձնակի կարեւորում եմ արտերկրում ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, ինչին մեծապես կնպաստի ԱԳՆ-ի կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանն ուղղված բարեփոխումների շարունակական իրականացումը: Հատուկ ուշադրության է արժանի հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցության եւ որակյալ խորհրդատվության տրամադրման ԱԳՆ-ի կարողությունների բարձրացումն ու ամրապնդում”,- նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու եւ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հարցում:
Այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակություն վարչապետի հնչեցրած առաջնայնությունների շուրջ եւ ներկայացվել տարբեր առաջարկություններ: