Հացի թանկացումից
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով հացամթերքի շուկայում հնարավոր թանկացումներին, տեղեկացրեց, որ իրենք հացամթերք արտադրողների հետ հանդիպում են ունեցել, ներկայացրել նրանց հիմնախնդիրը՝ գների ոչ ճիշտ ներկայացնելը և ցուցանիշների համատարած թերհայտարարագրումը: ՛՛Եթե հավատալու լինենք, նրանք, խոշոր գործարան լինելով, օգտագործում են փոքրիկ արտադրամասի չափ՝ 3 – 4 – 5 պարկ ալյուր, մենք հասնելու ենք նրան, որ այդ 4-5 պարկը դառնա 10 – 15 պարկ և աճի՛՛,- ասաց նա:
Ըստ փոխնախարարի՝ երբ աստիճանաբար գնան այդ ճանապարհով, գների բարձրացում տեղի չի ունենա, մինչդեռ եթե կտրուկ քայլեր անեն, հնարավոր է՝ գնաճ լինի: Ամեն դեպքում, Ալավերդյանը հավատացնում է՝ ստվերային տնտեսության բոլոր ոլորտներում շահութաբերությունն այնպիսին է, որ եթե անգամ իրենց մեկ – երկու տոկոսը զիջեն, դա իրենց վրա չպետք է անդրադառնա:
՛՛Կարծում եմ՝ իհարկե, մեզ պետք է լուրջ թափ տանք, որ էդ ստվերից թոթափվենք: Եթե ուզում ենք առաջիկա տարիներում որակական աճ, ապահով, կայուն եկամուտներ, հավասար պայմաններ ունենալ, պետք է միջոցառումներ ձեռնարկել: Մենք փորձելու ենք դիալոգի գնալով, բոլորին նույն չափորոշիչները կիրառելով՝ բերել հարկման դաշտ, շատերը հարկման դաշտում են, չափը մեզ չի բավարարում, ում որ նկատի ունեք, իրենք վճարում են հարկեր, ուղղակի մենք պետք է գնանք, որ նրանցից շատ ավելի հարկ բերենք՛՛,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը 10 -20 մլնի մասին չէ, դրա հաշվին բյուջե չի կատարվի, խոսքը հարյուրավոր միլիոնների և միլիարդների մասին է, ինչն իրենք հետևողականորեն պետք է իրականացնեն: