Մի բանում Միկոյանի որդին ճիշտ է. Հրանուշ Խառատյանը պատասխանել է
Ազգագրագետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Հրանուշ Հակոբյանը facebook-ի իր էջում պատասխանել է Անաստաս Միկոյանի որդու նամակին.
“Չնայած հայ ժողովրդի և Հայաստանի հետ հետ ազգանունից զատ որևէ առնչություն չունեցող Միկոյանի ավագ որդին իր հայր Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը ՛՛տրամաբանական ու արդարացված՛՛ համարելու իր խոսքն սկսում է հավաստելով, որ իրհայր Միկոյանը գովազդվելու կարիք չունի, այնուամենայնիվ զբաղվում է հենց դրանով,-գովազդով, թվարկելով Միկոյանի՝ իր նկատառումով դրվատանքի արժանի գործերը: Անշուշտ որոշ հարցեր են առաջացնում իր պատկերացումները, մասնավորապես ի՞նչ ասել է ՝ ՛՛Նրա երկար տարիների աշխատանքի հիմքը եղել է մեր ազգին, այդ թվում և հայերին, սպառողական ապրանքների ապահովումը՛՛,-ո՞րն է այդ ՛՛մեր ազգը՛՛՝ ԽՍՀՄ բնակչությու՞նը: ՛՛Սպառողական ապրանքներ՛՛ մատակարարե՞լու համար են Միկոյանի արձանը ուզում կանգնեցնել Երևանում: Այդ ապրանքների հիմնական մատակարարը այսօրվա Հայաստանում Լֆիկ Սամոն է: Նա այդ գործը հիանալի է անում՝ քանդելով մեր երկրի նյութական, հասարակական և բարոյական արժեքները և հյուծելով Հայաստանի բնակչության չպաշտպանված բնակչությանը: Ավելի մեծ մասշտաբներով ու ձևերեով նույն բանն է արել Միկոյանը: Առաջնորդվելով մեր մշակույթի նախարարի խորհրդով՝ ՛՛մոռանանք վատը, հիշենք լավը՛՛, Լֆիկ Սամոյին ու Միկոյանին նույն սկզբունքներով արժևորելու դեպքում նրանց արձանները միմյանց կողքի պետք է դրվեն՝ երկուսն էլ ՛՛սպառողական ապրանքներ են մատակարարել՛՛, երկուսն էլ հիմնովին քանդել են հասարակական արժեքները, երկուսն էլ իշխանության և իշխող կուսակցության մաս են, երկուսն էլ հնազանդորեն քվեարկել են երկրի բնակչության ստրկացման ծրագրերի օգտին: Մի բանում Միկոյանի որդին ճիշտ է՝ Հայաստանը Միկոյանի ոչ թե հայրենիքն է, այլ՝ ՛՛պատմական հայրենքին՛՛ է, նա այնտեղ ծնվել է: Այդքանը բավական է եղել, որ Միկոյանը Հայաստանի հանդեպ մասնավոր իրավունքներ ունենա՝ որոշի Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը՝ ո՞ր մասը կտրել, ու՞մ տալ, ինչքա՞ն մարդ սպանել, ու՞մ չսպանել, ինչպե՞ս տնօրինել ցեղասպանությունից փրկված թուրքահայերի ճակատգիրը /և այս ամենը՝ հայերի ու Հայաստանի դեմ/ և, իհարկե, ամեն, ամեն ինչ անել, որպեսզի իր սեփական ժառանգները, Աստված մի արասցե, Հայաստանի հետ որևէ առնչություն չունենան: Նրա ընտանիքում նույնիսկ հայերենը ՛՛գաղտնալեզու էր՛՛՝ օգտագործվում էր միայն ու միայն իր կնոջ հետ զավակների համար անհասկանալի զրույցի դեպքում, քանի որ զավակները հայերենի նման անարժան լեզվի հետ որևէ առնչություն չպիտի ունենային: Միկոյանի մասին ժառանգների կողմից պատվիրված ֆիլմերում հենց իրենք են այդ մասին պատմում: Եվ, իհարկե, Անաստաս Միկոյանի ավագ որդու համար այդ թերարժեք լեզվով խոսող ՛՛պատմական հայրենիքի մայրաքաղաքում՛՛ Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը ՛՛տրամաբանական և արդարացված է՛՛:
Սա է այս մարդու մեծահոգի գնահատականը՝ ՛՛տրամաբանական և արդարացված՛՛: Նա նույնիսկ շնորհակալ չի դրա համար, քանի որ իր հոր այդ անհասկանալի ՛՛պատմական հայրենիքը՛՛, որը ոչինչ, բացարձակապես ոչինչ է ի՛ր համար, ոչինչ չի ասում նրա հոգուն, մտքին, զգացմունքներին, դաստիարակությանը, աշխարհայացքին, բայց որը ի թիվս իր համար հասկանալի ՛՛մեր ազգի՛՛ /ԽՍՀՄ-ի՞, ռուսնե՞րի/ օգտվել է Միկոյանի ՛՛մատակարարած սպառողական ապրանքներից՛՛, իհարկե, պետք է մեծարի իր հորը որպես նրա ՛՛պատմական հայրենիք՛՛”,-գրել է Հրանուշ Խառատյանը: