ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգոնության կոչ է անում այգեգործներին
Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 250 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խախողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար: Այդ կապակցությամբ հանրապետության խաղողագործներին խորհուրդ է տրվում հաճախակի հետևել հիվանդությունների զարգացման ընթացքին, առնվազն 10-14 օր պարբերականությամբ կատարել նախազգուշական (կանխարգելիչ) բուժումներ՝ չսպասելով մինչև հիվանդությունների նշանների ի հայտ գալը: Նպատակահարմար է նշված հիվանդությունների համար նախատեսված բույսերի պաշտպանության միջոցները համատեղել որևէ միջատասպան պրեպարատի հետ միաժամանակ խաղողի ողկուզակերի դեմ պայքարելու նպատակով:
Անհրաժեշտ է վերահսկել և ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել նաև պտղատու այգիներում, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերում հիվանդությունների ու վնասատուների զարգացումը բացառելու ուղղությամբ:
Չնայած այն բանին, որ մեր գյուղացիական տնտեսությունները այս կամ այն չափով ծանոթ են գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ կիրառվող պայքարի միջոցառումներին, այնուամենայնիվ, դրանց արդյունավետությունը բարձրացնելու, թունաքիմիկատների ավելորդ ծախսերից խուսափելու, էկոլոգիական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սերտորեն համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ և մշտապես հետևել նրանց խորհուրդներին ու ցուցումներին: