ՀՀԿ ԵԿ հավաքում աշխատանքային խմբերում քննարկվեցին ՀՀԿ 15-րդ համագումարի ուղերձներն ու կառավարության ծրագրին ԵԿ հնարավոր աջակցությունը
Ծաղկաձորում մեկնարկած ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքին այսօր կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամներն առանձին աշխատանքային խմբերում անցկացրին թեմատիկ քննարկումներ։
ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը երիտասարդ հանրապետականների հետ խոսեց կուսակցության 15-րդ համագումարի ուղերձների մասին։
Մուշեղ Լալայանը նշեց, որ հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ և կազմակերպված կուսակցությունների դերը, և խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողներ։
Բանախոսը մատնանշեց ՀՀԿ կենսունակությունն ապահովող գործոնները, որոնց շնորհիվ կուսակցությունը տարիներ շարունակ վճռորոշ դերակատարում է ունենում ՀՀ քաղաքական դաշտում։ «Առաջին հերթին մեր պատմությունն ու գաղափարախոսությունն են ապահովում օրգանական կապ կուսակցության տարբեր սերունդների միջև՝ ապահովելով շարունակականություն։ Հանրապետականների քաղաքական արմատները, նրա առաջնորդների հեղինակությունը, գաղափարախոսության պատմականությունը, միաժամանակ արդիականությունը բարոյաքաղաքական զգալի կապիտալ են ապահովում կուսակցության համար»,- նշեց Մուշեղ Լալայանը։
Զրույց ծավալվեց կուսակցության բուն գաղափարախոսության՝ ազգային պահպանողականության վերաբերյալ։ Նշվեց, որ այդ գաղափարախոսությունն ունի պատմական հենք, ինչպես նաև պահանջված է ժամանակակից աշխարհում։
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Վաչե Գաբրիելյանն էլ երիտասարդ հանրապետականների հետ խոսեց կառավարության ծրագրին վերջիններիս հնարավոր օժանդակության մասին։ Խոսվեցին կուտակային կենսաթոշակային համակարգի, Մաքսային միությանը Հայաստանի միանալու և այլ հարցերի մասին։ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ կառավարությունը միշտ համագործակցում է երիտասարդների հետ. «ՀՀԿ ԵԿ հետ կառավարության աշխատանքը կարևորվում է այն տրամաբանությամբ, որ գործադիր իշխանությունը ձևավորել է ՀՀԿ-ն, և քաղաքականության շարունակականությունը ենթադրում է նաև սերտ համագործակցություն երիտասարդական կառույցի հետ։ Երիտասարդական կառույցն ունի մի շարք դերակատարումներ. նախ, լինելով կուսակցության գաղափարախոսության կրողը, պետք է որդեգրած քաղաքականությունը բացատրի հանրությանը և ակտիվորեն մասնակցի ծրագրերի իրականացմանը։ Բացի այդ, նման հանդիպումները երկկողմանի ազդեցության հնարավորություն են տալիս, ինչպես նաև հաղորդում են ազդակներ՝ առկա ծրագրերը բարելավելու համար»։