Նախարարը պարտադիր պահումների դեպքեր չգիտի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություն չունի, որ պարտադիր կերպով աշխատողներից պահումներ են կատարում: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: ՛՛Ուղղակի դուք գիտեք, որ օրենքը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է և ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո…՛՛,- ասաց նա, ապա, տեղեկանալով, որ երեկվանից ուժի մեջ է մտել օրենքը, նկատեց. ՛՛Հրապարակվե՞լ է, դե, ուժի մեջ մտնելուց հետո, բնականաբար, օրենքը գործում է, և օրենքի շրջանակներում յուրաքանչյուր կողմ, մասնակից այդ գործընթացների պետք է իրացնի իր պարտականությունները և իր իրավունքները՛՛:
Լրագրողների դիտարկմանը, թե պահումների դեպքեր շատ կան, նախարարն արձագանքեց. ՛՛Դուք ունե՞ք այդպիսի տեղեկատվություն: Եկեք՝ ասում են-ով չլինի: Կոնկրետ դեպքեր կարո՞ղ եք ներկայացնել: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքը քննության առարկա է՛՛: Սոցապնախարարությունում 1974 թվականից հետո ծնված աշխատակիցներ կան, ում վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն նրանց մեջ չկան այնպիսիք, ովքեր դիմումներ գրած կլինեն՝ արգելելով իրենցից պահումներ անել: ՛՛Ես նման տեղեկատվություն չունեմ, որ էդպիսի ցանկություն ունեցողներ կան՛՛,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ այսինքն կամավոր ցանկանում են ինտեգրվե՞լ այս համակարգին, նա պատասխանեց. ՛՛Եթե չեն դիմել, ենթադրում եմ, որ էդպես է, որովհետև սոցիալական պաշտպանության ոլորտում աշխատող անձինք երևի թե ավելի լավատեղյակ են բարեփոխումների նպատակներին, խնդիրներին, և այդպիսի որոշում են կայացրել՛՛: Նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք նույն այդ աշխատակիցները նույն ոգևորությամբ մասնակից էին դառնում այս համակարգին, երբ այն դեռ կամավորության սկզբունքով էր կիրառվում: Ասատրյանը պատասխանեց. ՛՛Դուք լավ գիտեք, որ կամավոր համակարգին մասնակիցների թիվն ընդհանրապես հանրապետությունում շատ փոքր է եղել՛՛: