Ինչու է կաթը թանկանում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանն այսօր Ազգային ժողովում 2013 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարցրեց՝ եթե վերամշակողը կաթը գնում է 30 տոկոսով էժան, ապա ինչու կաթնամթերքը քաղաքացուն ևս չի հասնում նույնքան էժան: ՛՛Ինչու՞ կաթնամթերքը չի վաճառվում 20-30 տոկոս էժան գնով, որ այդ տոկոսը, որ գյուղացին կորցրել է, գոնե քաղաքացին զգա իր գրպանի վրա, որպեսզի նույն թթվասերը չվաճառվի 500 դրամով, այլ վաճառվի 350 դրամով, նույն պանիրը չվաճառվի 2 500 դրամով, այլ վաճառվի 2000 դրամով՛՛,-հարցրեց նա:
Ավետիսյանը նշեց, որ գյուղացին այդ 30 տոկոսը կորցրել է, դա այն շահույթն է, որ ինքը սպասում էր կլոր տարին: ՛՛Մենք ձմեռը կաթ չենք ունենում, մեր հիմնական կաթնատվությունը բարձրանում է գարնանային, ամառվա ամիսներին, և գյուղացին էդ երեսուն տոկոսից զրկվելով գոնե քաղաքացին շահի, ոչ թե մի քանի տասնյակ տնտեսվարողներ ստանան գերշահույթ՛՛,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե երբևէ որևէ մեկը նկատել է, որ ամառվա ամիսներին կաթնամթերքը խանութներում էժանանա:
՛՛Վերջին տարիների ընթացքում իմ ջանքերի շնորհիվ հատկապես, քանի որ գնում էի համայնքներ, ասում էի՝ էժան գնով կաթ չվաճառել, կաթը հավաքեք… : Մինչ էդ կաթի գինը մինչև հարյուր դրամ էր, եթե հիշում եք, էս վերջին երկու – երեք տարիների ընթացքում կաթի գինը կտրուկ ավելացավ՛՛,- ասաց նա՝ նշելով, որ կա սեզոնայնություն:
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ իրենք արդեն նախորդ աշնանը կաթ վերամշակողների միություն են ստեղծել, հիմա նպատակ կա ստեղծել նաև կաթ արտադրողների միություններ մարզերում, և կարծում է՝ հիմնական լուծումը դա կլինի, որ մարդիկ իրար հետ արտադրողներ և վերամշակող, պայմանագրային հարաբերությունների մեջ մտնեն և կարողանան իրենց խնդիրները լուծել: ՛՛Ես հավատացնում եմ, վերամշակողների մոտ գերշահույթներ չկան: Անցյալ տարի ՏՄՊՊՀ-ը նույնպես այս հարցին անդրադարձավ, գերշահույթներ չկան, հակառակը՝ մենք շատ հաճախ գնի բարձրացումը զսպում ենք, այս հարցում առաջընթաց ունենք: Միջազգային շուկայում կաթի գինն էնքան է, ինչքան մեզ մոտ, մենք չենք կարող էսօր միջազգային շուկայից բարձր գնով կաթ արտադրել, իմ մոտեցումը միշտ նույնն է. կանգնած եմ գյուղացու կողքին՛՛,- ասաց նա: