՛՛Սերժ Սարգսյանը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր՛՛
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը գտնում է, որ Աստանայի երեկվա իրադարձություններից հետո Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջև է հայտնվել: ՛՛Ես կարծում եմ՝ Հայաստանն իսկապես լուրջ իրավիճակում է հայտնվել, ու պիտի կարողանա ճիշտ քայլեր ձեռնարկել, ընդհուպ մինչև իր պայմանները թելադրել, բայց թե ինչի կհանգենք, սա ժամանակի հարց է՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նրա խոսքով՝ Ղազախստանը ցանկանում է հավաստիանալ, որ Ղարաբաղը մաս չի կազմելու որևէ կառույցի, որտեղ լինելու է Հայաստանը, և դա արձանագրել փաստաթղթով: ՛՛Մենք ասում ենք՝ որտեղ մենք, այնտեղ Արցախը և այդպես ասում ենք մեզ բավարարելու համար, սակայն միջազգային հարթության վրա անհասկանալի է, որ կարելի է ինչ-որ տեղ այս տրամադրությամբ նման կառույցի մաս կազմել՛՛,-նշեց նա:
Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշումը արտահայտի, եթե Արցախն անտեսվում է այս կառույցում, Հայաստանն էլ պետք է իմանա իր անելիքները: Հարցին՝ հնարավոր համարում է, որ դա պատճառ հանդիասանա ու Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին, նա պատասխանեց. ՛՛Ես հիմա չեմ կարող ասել՝ ինչ արդյունք կունենանք՛՛: Միևնույն ժամանակ նա հավելեց, որ պետք չէ հոյհոյել որևէ երկրի, որ մեր շահերը առաջ չի տանում, յուրաքանչյուրն առաջնորդվում է իր շահով, եթե Հայաստանի շահերը չեն բավարարում, ապա նա պետք է վերանայի իր մոտեցումները: ՛՛Մենք պետք է ընդունենք, որ լրջագույն դիվանագիտական սխալներ ենք արել ու չմեղադրենք որևէ մեկին՛՛:
Ինչ վերաբերում է քննադատություններին, ըստ որոնց նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, լսելով Ադրբեջանի նախագահի ուղերձը, պետք է հենց այնտեղ խոսեր, ապա Ռուբիկ Հակոբյանն ասաց. ՛՛Ես չեմ կարող ասել՝ այդ պահին ինչ տրամադրությունն է ունեցել, ինչպես է եղել արձագանքը, ինչ-որ արձագանք եղած պիտի լինի, դա չէր կարող անակնկալ լինել, Մինսկի գագաթնաժողովում էլ այդ մասին խոսք եղավ, մենք ընդգրկված ենք ԱՊՀ կառույցներում, որտեղ բազմիցս եղել է այդ հարցը, Ղազախստանը բարձրացրել է այդ հարցը: Հայաստանը պետք է պատարստ լիներ, պետք է ակտիվ քաղաքականությունն տանել, մանավանդ հստակ է՝ այս պետությունների համար առաջնահերթությունը որն է, Ղազախստանը չի թաքցնում, որ ներկայացնելու է Ադրբեջանի պետական շահը՛՛: