06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ կերպ Սահմանադրությանը կարող են վերաբերվել միայն սկսնակ քաղաքական գործիչները. Դավիթ Հարությունյան

Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կառավարության նախաձեռնության և Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ NEWS.am–ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ։

-Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների նպատակով հատուկ խումբ ձևավորելու կառավարության նախաձեռնության մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նպատակի պետք է ծառայի այն։ Ներկայումս երկրի հիմնադիր փաստաթուղթը վերափոխելու հրատապ անհրաժետություն տեսնու՞մ եք։ 

-Սահմանադրության վերափոխումը ենթադրում է քաղաքական հստակ խնդիրներ։ Եթե որևէ  մեկը նշում է գործընթացի մասին, հայտարարում, որ ստեղծվում է աշխատանքային խումբ, սակայն չի նշում, թե ինչ խնդիրներ պետք է լուծի այդ աշխատանքային խումբը, ապա դժվար է որևէ մեկնաբանություն տալ։ Իմ խորին համոզմամբ՝ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, գործող Սահմանադրությունը համապատասխանում է հասարակական հարաբերությունների զարգացման այն աստիճանին, որ մենք այսօր ունենք, Սահմանադրությունն ունի առաջադեմ բազմաթիվ մոտեցումներ, և դրանք պետք է  կյանքի կոչվեն։ Երբ պարզվի, որ այդ Սահմանադրությունը մեզ տանում է դեպի փակուղի կամ դանդաղեցնում է  երկրի զարգացումը, ապա այդ փուլում անհրաժեշտ  է մտածել Սահմանադրական բարեփոխումների մասին։ Ես այս պահին որևէ հիմք չեմ տեսնում նման փոփոխությունների։ Չկա մի փաստաթուղթ, որը հնարավոր չէ բարելավել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է օրը մեջ փոխենք Սահմանադրությունը։

-Կարծիքներ կան, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը կորցրել է լեգիտիմությունը, արդյոք ներկայումս երկրում առկա՞ է սահմանադրական ճգնաժամ։

-Երկրում Սահմանադրական ճգնաժամի խնդիր ամենևին չեմ տեսնում, ես տեսնում եմ փորձեր՝ մեկնաբանելու գոյություն չունեցող Սահմանադրական ճգնաժամը։

-ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը վերջերս հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման երկու ճանապարհ կա. կամ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, կամ իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների: Որքանո՞վ է ողջամիտ երկրի մայր օրենքի փոփոխությունների անհրաժեշտությունը անձով պայմանավորելը։

-Կարծում եմ՝ դա անհեթեթ մոտեցում է, և այդ կերպ վերաբերվել Սահմանադրությանը կարող են միայն սկսնակ  քաղաքական գործիչները, որոնք չեն պատկերացնում, թե ինչ է քաղաքականությունը, կամ դա արվում է մեկ նպատակով, որպեսզի դատական իշխանությունը դե ֆակտո ենթարկվի գործադիր իշխանությանը, ինչը անթույլատրելի և խիստ վտանգավոր մոտեցում է։

Մեր երկրում որևէ սահմանադրական ճգնաժամ առկա չէ։ Սահմանադրության այն մեկնաբանությունները, որ հնչեցվել են Ազգային ժողովում, որևէ  քննադատության չեն դիմանում։  Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեկը կարող է մի անհիմն, անհեթեթ միտք արտաբերել և ամբողջ հանրությունը սկսում է այդ միտքը քննարկել, լուրջ մարդկանցից կարծիքներ հարցնել։ Սահմանադրական ճգնաժամի հարցը արհեստականորեն բերվեց օրակարգ, նպատակը զուտ քաղաքական էր՝ դատական իշխանությանը ենթարկեցնել գործադիր իշխանությանը։

-Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին առաջին անգամ խոսել է նախորդ տարվա օգոստոսի 17–ին, երբ խորհրդարանը դեռ չէր ցրվել։ Փոփոխությունների իմաստն ըստ նրա՝ այն էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին։ ԱԺ–ում բացարձակ մեծամասնություն ստացած ուժի համար ներկայումս որքանո՞վ է այս հարցը էական։

-Սահմանադրությունը չի փոխվում զուտ իրավիճակի համար։ Այն տարածված մեկնաբանությունը, թե 2015–ին Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի այն լինի Սերժ Սարգսյանի հագով կարված, ցանկացած լուրջ քննարկման ժամանակ կարելի է հերքել։ Սերժ Սարգսյանի  համար Սահմանադրությունը կարել պետք չէր։ Ենթադրությունը, որ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ, ապա նախորդ Սահմանադրությամբ ևս նա կարող էր դառնալ վարչապետ։ Գործող Սահմանադրությունը ժողովրդավարության առումով լուրջ քայլ է առաջ։ Ի դեպ՝  վերջին  իրադարձությունները որոնք չէին կանխատեսվում,  այնուամենայնիվ, ցույց տվեցին, որ այս Սահմանադրությունը կարողանում է  ապահովել երկրի կայուն զարգացումն առաջ, այնպես որ Սահմանադրությունը փոխել ինչ–որ մի քաղաքական նպատակով, օրինակ նրա համար, որ խորհրդարանը  կարողանա ինքնալուծարվել և այլն, դրանք արհեստական հարցադրումներ են։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին վարչապետը խոսեց մինչև ԱԺ ընտրությունները, իսկ ընտրություններից հետո այլևս չխոսեց այդ մասին։ Ես պատրաստ եմ խոսել Սահմանադրական փոփոխությունների մասին, երբ որևէ մեկը հիմնավորի, որ Սահմանադրության մեջ  առկա են այնպիսի դրույթներ, որոնք թույլ չեն տալիս, որ երկիրը զարգանա։

-Վերջին մեկ տարվա ընթացքում Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկությամբ հանդես է եկել նաև Հայ ազգային կոնգրեսը՝ առաջարկելով վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին: Հնարավո՞ր է՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը ՀԱԿ–ի առաջարկի տրամաբանական շարունակությունն է։

-Կառավարման համակարգը փոփոխելու համար Սահմանադրական փոփոխություններ իրականացնելը ծայրահեղ վտանգավոր է և այն մեզ կարող է տանել փակուղի։ Ժամանակին, կիսանախագահական համակարգի պայմաններում, մենք չենք առերեսվել  վտանգների մի պատճառով, քանի որ երկրի նախագահն ու քաղաքական մեծամասնությունն ունեցել են նույն քաղաքական վեկտորը։ Մի պահ պատկերացնենք, որ մենք դարձյալ կիսանախագահական հանրապետություն ունենք, ընտրվել է ԱԺ, որտեղ  մեծամասնություն է «Իմ քայլը» , իսկ ՀՀ նախագահը, ենթադրենք, ՀՀԿ–ի ընտրված թեկնածուն է, պատկերացրեք իրավիճակ, երբ առաջնային մանդատ ունեցող երկու ուժեր ունեն տարբեր քաղաքական վեկտորներ, և առաջանում է պատերազմական իրավիճակ։ Հանրապետության նախագահը պետք է ղեկավարի ամբողջ գործընթացը, ռազմական պրոցեսը և միաժամանակ Ազգային ժողովը, որը  պետք է ապահովի այդ պրոցեսը, ունի բացարձակապես այլ քաղաքական վեկտոր։ Նման իրավիճակում երկիրը կարող է հայտնվել կաթվածահար վիճակում և շատ լավ է, որ տարիներ շարունակ մեզ հաջողվել է ապահովել և իրավիճակի զարգացումը, և  խուսափել նմանատիպ գործընթացներից։ Դա էր պատճառը, որ մենք 2015–ին ձեռնամուխ եղանք Սահմանադրական փոփոխությունների։

Թագուհի Մելքոնյան

news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ