Հակառակորդի՝ զենքով զինվելը մտահոգում է
Այսօր Սարդարապատում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:
Հարց. Արդյո՞ք որևէ բան ստորագրվելու է Աստանայում
Պատասխան. Եթե որևէ բան ստորագրվելու լիներ, մենք կհայտարարեինք: Ինչ հայտարարված է՝ դա է լինելու:
Հարց. Այսինքն, չի՞ ստորագրվելու:
Պատասխան. Աստանան կլինի՝ կտեսնեք:
Հարց. Ինչպիսին է պաշտոնական Երևանի արձագանքը Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ:
Պատասխան. Պաշտոնական արձագանքը տեսեք մեր նախագահի շնորհավորականի մեջ, որն ուղարկվել է Ուկրաինայի նորընտիր նախագահին:
Հարց. Ճանաչու՞մ ենք, փաստորեն:
Պատասխան. Եթե Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին, ապա ինչպես կարող է մեկ այլ բան լինել:
Հարց․ Ի՞նչ փուլում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը։ Ի՞նչ են նախատեսում եռանախագահները։
Պատասխան. Բանակցային գործընթացն իր հունով շարունակվում է: Կարծում եմ` մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետեւ վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին, այցելեցին Հայաստան, Ղարաբաղ, հանդիպեցին ղեկավարության հետ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր: Մի քանի օրից կվերադառնան տարածաշրջան՝ հանդիպելու նաև Ադրբեջանի ղեկավարությանը:
Հարց. Ձեզ չի մտահոգում, որ հակառակորդը շարունակում է զինվել:
Պատասխան. Մտահոգում է և ողջ միջազգային հանրությանը, և եռանախագահող երկրներին, որոնք միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման և համապատասխան մեխանիզմի ստեղծման, որը կզբաղվի հրադադարի խախտման, միջադեպերի հետաքննություններով: