Միշտ լավ է, երբ կա երրորդ թև. Լ. Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանից ու ԲՀԿ-ից /վիդեո/
՛՛Ընդդիմությունը կարիք չունի պատրաստվելու, ամբողջ ժողովուրդը պատրաստ է իր ձայնը չտալ ՀՀԿ-ին, այնպես որ մենք խնդիր չունենք պատրաստվելու, այդ ՀՀԿ-ը խնդիր ունի ամեն օր՝ 3 տարի շուտ, փորձել շոշափել տրամադրությունները և որ մասում տրամադությունն ի նպաստ ՀՀԿ-ի չի, փորձել լուծումներ գտնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից, որ ընդդիմությունն արդեն պատրաստվում է հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
Պատգամավորը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ին ՛՛բարոփոխումներ՛՛ չանել. ՛՛Թող այդ ուղղությամբ չաշխատեն, որովհետև ինչքան առաջ Հայաստան, այնքան հետընթաց ենք ապրում, ինչքան ապահով Հայաստան, այնքան անապահով ու անպաշտպան է դառնում ժողովուրդը՛՛,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամի չեն, պետք է լրացնեն մեկը մյուսին, ապա նա նշեց. ՛՛Մենք թշնամի չենք, բայց փորձում ենք խնդիրները վեր հանել ու պահանջում ենք խնդիրների վերհանումը, նրանք ոչ միայն դժգոհ են, որ խնդիրներ ենք վեր հանում, այլև ասում են՝ ինչու եք մեզնից սպասում խնդիրների լուծում՛՛:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ այս պարագայում միայն մի տարբերակ կա՝ արտահերթ ընտրություններ, որի թափանցիկ ու արդար անցկացումը կարող է ժողովրդին լավ ապագայի հույս տալ: ՛՛Ուզում են փրկել, կամ բարի լինեն բարեփոխեն, կամ հեռանան՛՛:
Անդրադառնալով տեսալետին, որ երբ նախագահը խոսեց երկու թևերի մասին, ակնարկում էր, որ ԲՀԿ-ը պետք է կողմնորոշվի՝ իշխանություն է, թե ընդդիմություն՝ Սարգսյանն ասաց. ՛՛Միշտ լավ է, երբ կա երրորդ թև, երրորդ բևեռն ուղղակի անհրաժեշտ է, կլինի ԲՀԿ-ը, թե մեկ այլ, դա այլ հարց է՛՛:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ ԲՀԿ-ը պետք է որոշի՝ իշխանությանն է այլընտրանք, թե ընդդիմությանը:
Շարունակությունը՝ տեսանյութում: