Փաշինյանը ներողություն խնդրեց ու անցավ Տարոն Մարգարյանին
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևողականորեն խուսափում է անձամբ ԱԺ-ում ներկայացնել բյուջեի կատարողականը։ ՛՛Գուցե կոպիտ հնչի, ներողություն եմ խնդրում, բայց ռանգերի են բաժանում պաշտոնյաները, Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում նիստին։ Եթե պարոն քաղաքապետը համարում է ԱԺ ներկայանալը ոչ կարևոր իրադարձություն է, թող ասեն, մենք էլ չգանք՛՛,-դիմելով ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանին՝ ասաց նա։
Փոխքաղաքապետը պարզաբանեց, որ քաղաքապետը բացակայել է, քանի որ մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին, որի անդամ է նաև ինքը։
Փաշինյանը խնդրեց Արեյանին պարզաբանում տալ, թե ինչու են որոշել տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: ՛՛Այդ արձանը տեղադրելով՝ ի՞նչ ուղերձ եք հղում հանրությանը, ի՞նչ եք ուզում դրանով ասել՛՛,-հարցրեց նա և հիշեցրեց այն փաստերը, ըստ որոնց Միկոյանի հրահանագով 500 գնդակահարվողներին ավելացել են ևս այդքանը։ Փաշինյանը կողջուներ, եթե արձան տեղադրվեր Մարտի մեկի 10 զոհերի հիշատակին, մինչդեռ, ըստ նրա, փաստը ցույց է տալիս, որ տեղադրվում են ոչ թե գնադակահարվողների, այլ գնդակահարողների արձանները:
Կամո Արեյանը պատասխանեց, թե արձանների հարցը վերապահված է Երևանի ավագանուն, որն էլ համապատասխան նախաձեռնությունների հիման վրա որոշում է ընդունել։ Փոխքաղաքապետը նաև հավելեց, թե մնացած պատմագիտական քննարկումները պետք է դեռ հստակեցվեն հավաստի աղբուրների հիման վրա են, իսկ իրենք տեղադրում են Միկոյանի արձանը՝ որպես պետական գործչի։ Փաշինյանն արձագանքեց, թե պետք է ուսումնասիրել՝ գործիչ է, թե դահիճ։ Նա նաև հարցրեց, թե ով է ֆինանսավորելու, երբ է դա նախատեսվում իրականացնել։ Արեյանը նշեց, թե արձաններ տեղադրելիս ուղերձներ չեն հղում և ավելացրեց, թե ֆինանսավորման աղբյուրը դեռևս պարզ չէ, իսկ նախաձեռնությունը քաղաքացիական է։