Հայաստանում ինքնասպանությունների թիվը աճել է. Հայոց աշխարհ
“Արմենիա” բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունք են ընդունվում ոչ միայն թունավոր օձերից եւ կարիճների խայթոցներից տուժած անձինք, այլեւ ալկոհոլային թունավորում ունեցողները, ինքնասպանության փորձ կատարածները:
Ի պատասխան մեր հարցի, թե այս տարի ի՞նչ վիճակագրություն կա այդ առումով, ինքնասպանության փորձերի մեծ մասը Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում է կատարվել, հանրապետության գլխավոր թունաբան, հիշյալ բաժանմունքի բժիշկ Միքայել Գաբրիելյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ասաց.
“Այս տարի, ամսի 20-ի դրությամբ, ընդունվել է 314 հիվանդ, նրանց քանակը գրեթե նույնն է, ինչ անցյալ տարի, գուցե մի քիչ ավելի է: Տարեցտարի շատանում է ալկոհոլային թունավորումների քանակը։ Եթե նախկինում առաջին տեղում էին դեղորայքային թունավորումները, ապա վերջին տարիներին դեպքերի քանակով առաջին տեղում են ալկոհոլային թունավորումները:
Ընդհանրապես դեղորայքային թունավորումները մեծ մասամբ (70-80 տոկոս) ինքնասպանության փորձեր են, խոսքը միայն այս տարվա մասին չէ: Այդ նպատակով, սակայն, միայն դեղորայք չէ, որ գործածում են, այլ նաեւ ցանկացած թունաքիմիկատ` սկսած “էսենցիայից” (քացախաթթվից), “ժավելի սպիրտից”, վերջացրած ֆոսֆորօրգանական թունաքիմիկատներով:
Ինքնասպանության փորձ կատարած ու մեր բաժանմունք ընդունվածների մեծ մասը Երեւանից են եղել”:
Վերոնշյալ տվյալները, անշուշտ, չեն արտահայտում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպքերի ամբողջական պատկերը, դրանք ընդամենը մեկ բուժհաստատությունում գրանցված դեպքերն են:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալները վկայում են վերջին տարիներին ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպքերի աճի մասին:
Ըստ այդմ, 2011թ. երկրում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 647 դեպք, 2012 թվականին՝ 740, 2013 թվականին` 768, այսինքն` 2011թ. համեմատ ընդհանուր դեպքերի քանակն ավելացել է 121-ով: Համեմատության համար տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն` 2009թ. Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 498 դեպք էր գրանցվել:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: