Լարվածություն միշտ էլ կա. ՊՆ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այսօր սահմանին տեղի ունեցած հերթական միջադեպին, որի հետևաքնով մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել, ասաց. ՛՛Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել: Գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադարձ կատարելով՝ կպել զինվորի ձեռքին, թեթև վիրավորվածություն՛՛:
Նշենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:
Սակայն նախարարը վստահեցնում ՝ չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լարված է: ՛՛Ընդհանուր առմամբ պետք է մենք հասկանանք, որ այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, այսինքն՝ լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ, նրա հետ անմիջական շփման մեջ գտնվելով՝ պարբերաբար լարված իրավիճակ լինում է՛՛։
Նա նշեց, որ իհարկե ԼՂՀ պաշտպանության բանակի հատվածում փորձ է եղել դիվերսիոն գործողություն իրականացնելու, բայց մեր դիրքապահները կանխել են։ ՛՛Խիստ կերպով պատժել են հակառակորդին, հակառակորդն ունեցել է կորուստներ և վիրավորներ ու հետ է շպրտվել՛՛,-շեշտեց Օհանյանը: Հարցին, որ միգուցե նման հաճախակի միջադեպերը հետևանք են նրան, որ Ադրբերջանն իր սպառազինությամբ առավելություն ունի ՀՀ-ի նկատմամբ, Պաշտպանության նախարարը պատասխանեց, թե Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, բայց դա չի նշանակում, որ առավելություն ունի հայկական զինուժի նկատմամբ։ ՛՛Անկասկած հասկանալի է, որ Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, այն մեր կողմից վերահսկվում է։ Սպառազինությունը հակառակորդի կողմից պարբերաբար գնվում, թարմացվում է, բայց մենք պետք է հասկանանք, որ բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով։ Այդ սպառազինությունը պետք է նախևառաջ յուրացել, պահել, շահագործել, և նաև պետք են մարդիկ, որ կարող են պատշաճ կերպով այն սարքին պահել և նաև շահագործել։ Այդ առումով Պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ Պաշտպանության բանակը ուժերի հավասարակշռությունը առանց որևիցե երրորդ ուժի պահպանում են, և ինքներդ եք դա տեսնում՝ մեր զինծառայողների որակական պատրաստվածության և մարտական ոգու հաշվին՛՛: