Երեւանի Արաբկիր եւ ԼՂՀ Մարտունի շրջանների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ դեռեւս 2012 թվականին ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կարեւորվել էր նաեւ Երեւանի վարչական շրջանների եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Այդ համատեքստում նախորդ շաբաթ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը այցելել է Արցախ, որի ընթացքում Արաբկիրի եւ ԼՂՀ Մարտունու շրջանների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Երկու շրջանների հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող հուշագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն: Հանդիպման ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել, որ հուշագրում նախանշված բոլոր առաջնահերթություններն առաջիկայում կստանան ծրագրային ընթացք եւ լուծում:
Ի խորհրդանշումն Արաբկիրի եւ Մարտունու շրջանների միջեւ բարեկամության համաձայնագրի ստորագրման ու փոխգործակցության ձեւավորման՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից «Երեւան-Մարտունի» գրառումով գեղեցիկ նստարաններ եւ զարդանախշերով աղբամաններ, ինչպես նաեւ 1500 բազմերանգ ծաղկասածիլ է նվիրել գործընկեր շրջանին:
ԼՂՀ կատարած այցի ընթացքում Հրայր Անտոնյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը հանդիպել են նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներն այցելելել են նաեւ հուշահամալիր, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակին: Այնուհետ երեւանյան պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի հ. 3 մանկապարտեզ եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից խաղալիքներ, սպիտակեղեն, երաժշտական կենտրոն եւ անհրաժեշտ այլ պարագաներ նվիրել մանկապարտեզին:
Նշենք, որ հայկական երկու մայրաքաղաքների միջեւ հաստատված փոխշահավետ համագործակցության ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքին եւս փոխանցվել է շուրջ 3500 գույնզգույն ծաղկասածիլ, որոնք կզարդարեն Ստեփանակերտի կանաչ տարածքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները երեւանյան պատվիրակության անդամներին ներկայացրել են նաեւ այն վայրերը, որտեղ առաջիկայում կտեղադրվեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների քանդակած տուֆակերտ 6 քանդակները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն