Փաշինյանի պատճառով Արցախի բանակի 3 հզորագույն գեներալներն այլևս բանակում չեն. Էդուարդ Շարմազանով
«Փաշինյանը խոսում է գեներալների ու սպաների մասին, բայց անցած 1.5 տարում ինքը միայն հեղինակազրկել է գեներալներին ու սպաներին, որոնք հաղթանակ են տարել Արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմում»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ ասել էր. « Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաեւ «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը»:
Շարմազանովը նկատեց. «Աստված չանի՝ Հայաստանում հրամանատարները լինեն տիկնայք»։
Մեր հարցին, թե արդյո՞ք դա գենդերային խտրականություն չի, Շարմազանովը պատասխանեց. «Դա էլ ու վերջ։ Կամ՝ ասել է՝ մեզ պետք են գեներալներ՝ առանց պատերազմի։ Ուզում եմ հարցնեմ՝ դու վարչապե՞տ ես, թե՞ հեքիաթասաց, դու պատկերացնո՞ւմ ես, որ քո ասածն իրականության հետ կապ չունի, 80 մլն-անոց Թուրքիայի դեմ ես նման լավ կենացներով խոսելո՞ւ, 9 մլն-անոց Ադրբեջանի՞, թե՞ այլ սպառնալիքների»:
Դիտարկմանը, որ գուցե խոսքն այն մասին է, որ գեներալներ պետք են, բայց պատերազմ՝ ոչ, Շարմազանովը նշեց, որ դրանք լավ կենացներ են միայն և ոչ ոք պատերազմ չի ուզում։ Վերջինիս կարծիքով՝ պանթուրքիզմի սպառնալիքը արդիական է և առաջիկա տարիներ համար Փաշինյանի կենացներն անլուրջ են:
«Իր խոսքն ու գործն իրար չի բռնում։ Իհարկե, շատ լավ է, որ պատերազմ չլինի, այս 1.5 տարում ինքը մեր պետության, ժողովրդի, բանակի ռազմական ուժն ու համերաշխությունը թուլացրել է։ Այսօր Արցախի բանակի 3 ամենահզոր գեներալներն այլևս բանակում չեն՝ Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը։ Այսպե՞ս է հզորացնում։ Խնդիրն այն է, որ պետության ղեկավարի ոտքերն իրականությունից կտրված են։ Այն, ինչ արել է այս 1.5 տարում Նիկոլ Փաշինյանը, ամբողջությամբ հակասում է մեր պաշտպանական ռազմավարությանն ու պետության, ազգային շահերին: Պետք է ընդունել, որ հասարակությանը սևի ու սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի, դավադիրի և ոչ դավադիրի բաժանելով երկիրը չեն ուժեղացնում», -եզրափակեց մեր զրուցակիցը: