23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում 80 տոկոսը «կոճակ սեղմողներ» են. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատեց 7-րդ գումարման խորհրդարանի կատարած աշխատանքները և արտախորհրդարանական ուժերի հնարավորությունները:

Ըստ նրա՝ ԱԺ-ում 80 տոկոսը «կոճակ սեղմողներ» են, իսկ արտախորհրդարանական ուժերում դեռևս չկա միասնականություն, որը կդառնա այլընտրանք:

«Այս խորհրդարանում, բացի 10-15 հոգուց, որոնք քիչ թե շատ ինչ-որ բան հասկանում են, շատերին մենք չենք ճանաչում և սկսում ենք ճանաչել, եթե իրենց հետ ինչ-որ զվարճալի բան է տեղի ունենում: Մոտ 70-80 օրենսդրական որոշում կառավարությունն է բերել, և ընդամենը 10-12-ը՝ խորհրդարանից է եկել: Այսինքն՝ դա ևս փաստում է, որ ներկա խորհրդարանը հիմնականում ընդունում է այն, ինչ բերվում է կառավարության կողմից:

Նաև շատ խայտաբղետ է՝ նույն «Իմ քայլը» ֆրակցիան: Այսպես ասած՝      խմբավորումներ կան՝ պայմանական նիկոլականներ, պայմանական լևոնականներ, պայմանական ՀՀԿ-ն լքածներ, և իրենք ամեն մեկն ունեն իրենց գաղափարախոսությունը ու մտածելակերպը: Եթե, ենթադրենք, նույն Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առաջանա, արդյո՞ք ամբողջ խմբակցությունը միահամուռ հանդես կգան»,- ասաց մեդիափորձագետը:

 

Անդրադառնալով արտախորհրդարանական ուժերին՝ փորձագետը նշեց, որ  յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ վարկանիշ հավաքել, և, եթե մի մասը հաջողության է հասնում, մյուս մասը դեռ  սպասում է. «Արտախորհրդարանական ուժերի մոտ հիմնականում, բացի քոչարյանական թևից, սպասում են Փաշինյանի վարկանիշի հերթական նվազմանը, որպեսզի կարողանան ազդել իշխող կուսակցության քաղաքական որոշումների վրա:

Ուրիշ խնդիր կա՝ տարբեր հարցումներով՝ Ն. Փաշինյանի վարկանիշը 35-60 տոկոս է (լավագույն և վատագույն տարբերակներն եմ ասում), եթե ներկա պահին ընտրություններ լինեն, շատ հավանական է՝ նա կրկին 60-65 տոկոս կհավաքի՝ զուտ այն պատճառով, որ ընդդիմությունն ալտերնատիվ տարբերակ չի առաջարկում, միասնական գոնե երկու թեկնածուի մասին խոսք չի գնում:

Սահակաշվիլին նման բան արեց, երբ դեռ իր ռեյտինգը բարձր էր, ընդդիմությունն էլ այլընտրանք չուներ, շատ արագ ընտրություններ անցկացրեց, վերջնական ձևավորեց իր թիմը և սկսեց աշխատել  մինչև նախագահության ժամկետի ավարտը: Ես չգիտեմ՝ Փաշինյանն այդպիսի բան կանի՞, թե՞ ոչ, դա  կախված է նրանից, թե որքանով է նա կարողանալու վերահսկել այն բոլոր խմբավորումները, որոնք պառլամենտը և կառավարությունն ունի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ