Ժիրայր Սեֆիլյանին կարտաքսեն Հայաստանից՝ Քեսաբին օգնելու համա՞ր
ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ
Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սէֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել:
Նրա խոսքով՝ Ժիրայր Սէֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից:
Ընդ որում՝ բարձրաստիճան սպան բաց տեքստով նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու վերաբերյալ այս սպառնալիքի հրապարակայնացումը որևէ կերպ չի կասեցնի դրա իրագործումը:
Այս երևույթը շատ խորը արմատներ ու պատճառներ ունի, սակայն Նախախորհրդարանը դրանց կանդրադառնա հետագայում՝ ըստ անհրաժեշտության:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ժիրայր Սէֆիլյանին Հայաստանից արտաքսելու մտադրության պատճառը ոչ թե Քեսաբի ազատագրման հարցում նրա ենթադրյալ կազմակերպական միջամտությունն է, այլ ռեժիմին հեռացնելուն ուղղված նրա գործողությունները:
Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ անկախ ամեն ինչից՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեր ժողովուրդը դիմավորելու է առանց ռեժիմի՝ ազգային պետության տանիքի ներքո:
Ժամանակի հետհաշվարկն սկսված է: Ռեժիմին մնացել է ոչ ավել, քան 48 շաբաթ:
Երևան
24.05.2014 թ.