18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում

Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է, և զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաև դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ:

Նախ կուսակցության մասին: Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի: Այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել. Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի կամ Տաշիր նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը: Կուսակցությունը զարգանում է անընդհատ: Կառույցները, նրանց միջև ուղղահայաց և հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում, և դա իսկապես տեսանելի է:

Փոխվում է նաև Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում: Կուսակցությունը դառնում է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի: Հենց դա է պատճառը, որ մենք ունենք այսքան լուրջ մշտական հոսք դեպի կուսակցություն: Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միևնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով:

Այո՛, Հանրապետական կուսակցությունն իշխող քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով դրանց հանդեպ առաջ եկող այսպահային դժգոհությունները: Բայց, միևնույն ժամանակ, Հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում՝ դառնալով նաև տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը: Ասվածի վառ վկայությունը մեր վերջին հերթական համագումարից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներն են և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են տարբեր համայնքներում, որոնցում Հանրապետականը տարել է խիստ համոզիչ հաղթանակներ՝ շարունակելով ամուր հիմքեր դնել ապագա աշխատանքի ու հաղթանակների համար:

Մեր կուսակցությունը հետևողականորեն զարգացնում է նաև իր միջազգային կապերը: Հանդիսանալով ԵԺԿ անդամ՝ ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է ԵԺԿ միջոցառումներին` համագումարներին, գագաթնաժողովներին, քաղաքական վեհաժողովներին և այլն: Խորացրել ենք հարաբերությունները ԵԺԿ անդամ մի շարք եվրոպական կուսակցությունների հետ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Հունաստանից, Կիպրոսից:

Նոր որակ են ստացել հարաբերությունները «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ` փոխադարձ այցելություններ, համատեղ միջոցառումներ, քաղաքական շփումներ: «Միասնական Ռուսաստանի» հետ միասին նախաձեռնել ենք Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները, որոնց մի փուլը տեղի է ունեցել Երևանում:

Ակտիվացել են շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ:

Այս բոլոր միջազգային շփումները Հայաստանի հանրապետական կուսակցությունը ծառայեցնում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական ու ազգային շահերի հետապնդմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, կուսակցական շինարարության արդիականացմանը:

Սա է այսօրվա իրականությունը: Բայց ասել, որ մենք բավարարված ենք կուսակցության զարգացման տեմպով, սխալ է: Եթե կազմակերպչական և կառուցվածքային ամրապնդման աշխատանքները բավականին լավ են ընթանում, ապա նույնը դժվարանում եմ պնդել բովանդակային քննարկումների ծավալման և գաղափարների ուղղահայաց հոսքի ապահովման առումով: Այստեղ ես չիրացված լուրջ ներուժ եմ տեսնում:

Հանրապետական կուսակցությունը մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, որը ներկայացված է բոլոր բնակավայրերում և ներկա է բնակչության բոլոր` նույնիսկ ամենափոքր խմբերում: Սա հզոր բնական հնարավորություն է Երևանում հնչեցված գաղափարներն ու ծրագրերն ամենուր հասցնելու, մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ դրանք ստուգելու, քննելու և հարստացված հետ բերելու համար: Սա լավագույն մեխանիզմն է նաև մեր հասարակության բոլոր շերտերին հուզող հարցերը կուսակցական խողովակով բյուրեղացնելու, մշակելու և իրականացվող քաղաքականության հարթություն հասցնելու համար: Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ:

Ունենալով այսօրվա կուսակցական հզոր մեխանիզմը՝ մենք շատ արագ նոր թափ պետք է հաղորդենք ասածս գործելաոճին: Դա հետևողական աշխատանք է ենթադրում, և այն մինչև վերջ հասցնելու համար, կարծում եմ, մեկ տարի ժամանակը լիովին բավարար է:

Այսքանը ներկուսակցական աշխատանքների մասով: Հիմա քաղաքական դաշտի և Հանրապետականի ներկա ու ապագա դերակատարության մասին:

Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական և քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ:

Այս իրողությունն օբյեկտիվորեն համախմբում է պարտադրում մեզ և, անկեղծ ասած, համախմբման էլ հասցնում է: Դա ճիշտ է և՛ ընդդիմադիր ուժերի, և՛ իշխող կուսակցության դեպքում: Եվ սա լրջագույն ձեռքբերում է ժամանակակից պետություն կառուցելու մեր որդեգրած ճանապարհին:

Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:

Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է և՛ աջը, և՛ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ:

Հանրապետականը նման հեռանկար մեր պետության համար թույլ չի տա: Հանրապետականը շարունակելու է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, սակայն դա չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին: Ավելին, Հանրապետականը խրախուսելու է նաև այլ քաղաքական դերակատարների համախմբումը՝ քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են:

Եվ որպեսզի քաղաքական դաշտն անընդհատ ամրապնդվի ու կայուն զարգանա, մենք շարունակելու ենք այն առողջացնել՝ ձերբազատվելով մաղձից, ատելությունից և կասկածամտությունից: Մեր քաղաքականությունը կառուցելու ենք կոռեկտության և հարգանքի հիմքի վրա՝ ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը:

Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօրվա իշխող քաղաքական ուժը, ինչպես նաև մյուս քաղաքական կուսակցությունները դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն քաղաքական համակարգի հանդեպ մեր քաղաքացիների բոլոր պահանջները: Ես շատ լավ հասկանում եմ, որ (միայն մեր մասով ասեմ, որ ուրիշները չնեղանան) մենք հաճախ չենք կարողացել արդարացնել պարզ մարդկանց սպասելիքները, հաճախ ուղղակի հոգնեցրել ենք մեր բարձրացրած աղմուկով, քաղաքական դեբատներն ընկալվել են որպես դատարկ լեզվակռիվ, իսկ կուսակցական մրցակցությունը՝ մարդկանց ակնկալիքների հետ կապ չունեցող ինչ-որ ինքնանպատակ մրցույթ: Ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ: Բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրում կայացած քաղաքական համակարգ արմատավորելը նույնքան աշխատատար և ժամանակատար գործընթաց է, որքան ասենք պետական կառավարման համակարգը կայացնելը:

Անշուշտ, որպես պետություն մենք այս ճանապարհին արդեն իսկ հսկայական առաջընթաց ունենք. անհնար է համեմատել այսօրվա քաղաքական համակարգը 10 կամ 20 տարվա վաղեմության իրողությունների հետ: Հիմա բացարձակապես այլ իրավիճակ է: Սակայն պարզ է նաև, որ դեռ անցնելու մեծ ճանապարհ ունենք թե՛ կուսակցությունների զարգացման, նրանց կայունության ու գործունեության թափանցիկության, թե՛ դասական երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման հարցերում: Խոսքս ոչ միայն սահմանադրական կամ օրենսդրական լուծումների, այլև համապատասխան ավանդույթների ձևավորման մասին է:

Հարգելի՛ գործընկերներ,

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները: Դա թաքնված կամ անթաքույց անում են բոլորը: Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից արդեն զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում:

Մեր դիրքերը, կառավարող կուսակցության պատասխանատվությունն ու խնդիրները բոլորովին այլ են: Առաջիկա երեք-չորս տարիները հսկայական ժամանակ են գործ անելու և երկիրն առաջ մղելու համար: Մենք հենց դա՛ ենք անելու: Մինչև հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել: Դեռ պետք է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, դեռ պետք է ապահովել տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացումը: Այս ժամանակահատվածը մենք պարտավոր ենք օգտագործել արդյունավետ:

Ասեմ ավելին: Եթե ընդդիմադիրները կարող են ընտրությունների գնալ ոչ էական փաստացի արդյունքներով և միայն իշխանություններին անխնա քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Առաջիկա տարիները լինելու են խիստ կարևոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի և կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք և դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում:

Աշխարհում շատ բան մեզնից կախված չէ, բայց մեր երկրում շատ բան մեզնից է կախված: Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք՝ հանրապետականներս (առնվազն այսօր այդպես է): Ուրեմն, չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է՝ քիչ պայքար, շատ գործ:

Ասվածը չի նշանակում, թե Հանրապետականը չպետք է պարզաբանումներ ու մեկնաբանություններ տա իր քայլերի վերաբերյալ: Ընդհակառակը, մեր պարտքն է զեկուցել և մանրամասնել, թե ինչ ենք անում և ինչու: Բայց դա չպետք է կրի քարոզարշավի բնույթ: Չի՛ կարելի թույլ տալ, որ ողջ հասարակությունը ժամանակից շուտ ներքաշվի նախընտրական թոհուբոհի մեջ: Երբ մի ամբողջ երկիր, իր բան ու գործը թողած, զբաղվում է քաղաքական պայքարով, ընդ որում՝ անպատեհ ժամի, դժվար է բարի պտուղներ ակնկալել:

Մենք այլ ճանապարհով ենք գնալու: Կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է: Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն:

Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկա միտումներն ու մեզ համար կարևոր շուկաներից եկող բացասական ազդակները՝ կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար: Դա ճիշտ մոտեցում է, որը նվազեցնում է իրականացվող քաղաքականության ռիսկերը: Սակայն ես համոզված եմ, որ սովորականից ավելի ջանքերի շնորհիվ կառավարությունը կարողանալու է առավել մեծ իրական արդյունքներ ցույց տալ, ամրագրված թիրախներից նկատելիորեն ավելի ցուցանիշներ ապահովել:

Գալիք տարիների բոլոր քայլերը լրջորեն են քննության առնվել: Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձևավորել կառավարության գործունեության հանդեպ: Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում և ունի մեր բոլորի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը:

Կառավարության անդամների վրա նույնպես հսկայական պատասխանատվություն է դրված: Բոլորի աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով, գործի հանդեպ նվիրվածության և ջանասիրության մակարդակով: Անփոխարինելի մարդիկ չկան: Թերացողները շատ արագ կփոխարինվեն: Մեր կադրային պահուստը բազմապատիկ ավելին է, քան ոմանց կարող է թվալ:

Պատասխանատվության նոր մակարդակ ենք ամրագրել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված մեր կուսակիցների աշխատանքի համար: Ընդհանրապես շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին. դրանք կառավարման առաջնային օղակներն են և «պետական աջակցություն» ասածը մարդիկ առաջին հերթին հենց տեղական իշխանություններից են ակնկալում: Այս ոլորտում հանրապետականների մասնակցությունը հսկայական է և անընդհատ աճում է: Սա նշանակում է, որ կուսակցական խողովակները շատ ավելի արդյունավետ պետք է գործեն նախաձեռնությունների ու գաղափարների շրջանառության և դեպի տեղական ինքնակառավարման օղակներ դրանց մատակարարման հարցերում:

Սիրելի՛ հանրապետականներ,

Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման և մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված: Սա միանշանակ է: Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք գնալ հստակ քայլերով ու առավելագույն ջանքերով: Դրական փոփոխություններ կլինեն թե՛ տնտեսավարման պայմանների բարելավման, թե՛ իրացման շուկաների ընդլայնման հարցերում:

Մաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու: Այս ուղղությամբ կլինի նաև հասցեական աշխատանք մեր գործարարների և արտերկրյա ներդրողների հետ:

Մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքը սերտորեն կապված է նաև համակարգային փոփոխությունների հետ: Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու և իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում: Մենք պետք է հստակ, նաև ինքնաքննադատաբար, արձանագրենք, որ անկախության ձեռքբերումից հետո ավելի քան երկու տասնամյակ անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք առանց վարանելու պնդել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, իսկ դատարաններն անկախ ու անաչառ են:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ կայուն ժողովրդավարությունը և իրավական պետությունը մեր ազգային անվտանգության հենասյուներն են: Այլընտրանք մենք չունենք: Ուստի սահմանադրական բարեփոխումները պետք է ծառայեն հենց այս գերխնդրի իրագործմանը:

Մեր քաղաքական համակարգը արդիականացման մեծ կարիք ունի: Այն գերանձնավորված է և գերկենտրոնացված: Ակնհայտ անհամամասնություն կա տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի և նրանց քաղաքական պատասխանատվության միջև: Գործադիր իշխանության համակարգն անկատար է, չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Այս ամենը բոլորովին էլ չի նպաստում արդյունավետ կառավարմանը, պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահությանը:

Դուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Անկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն և անաչառ քննարկումների առարկա՝ վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից: Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ ևս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»:

Քաղաքական համակարգի արմատական բարեփոխումները սերտորեն կապված են նաև դատական իշխանության հիմնախնդիրների հետ: Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանց անկախ ու անաչառ դատարանի մենք չենք ունենալու ո՛չ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանություն, ո՛չ հուսալի ներդրումային միջավայր: Ուստի սահմանադրական բարեփոխումների կարևորագույն խնդիրներից մեկը դատական իշխանության առկա հիմնախնդիրներին արդիական և մնայուն լուծումներ տալն է:

Սրանք առաջնային հարցեր են, որոնք նաև քննության առարկա պետք է դառնան մեր կուսակցության բոլոր օղակներում, բոլոր մակարդակներում: Մենք երկար ժամանակ չունենք, և ակնկալում եմ, որ ՀՀԿ գործադիր մարմինը հնարավորություն կունենա արդեն ամռանը դիտարկելու տեղերում նման ակտիվ քննարկումների արդյունքների մասին ամփոփումները:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ամեն ինչից զատ, գալիք տարիներին մենք հիմնական խնդիր ունենք, և այդ խնդիրը եղել է, կա և լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը: Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո՛չ հաղթողի, ո՛չ պարտվողի համար. այն շարունակվում է այլ հարթությունում: Հաղթողը լավ գիտի պարտադրված պատերազմում հաղթանակի գինը, որ վճարել է արյամբ և կորուստներով: Պարտվողին կուրացնում է հաղթանակը վերանվաճելու կործանարար մոլուցքը. մոլուցք, որը նրան զրկում է բանականությունից, կառուցողական բանակցելու ցանկությունից:

Իր իսկ կողմից պարտադրված պատերազմում պարտված հարևանն այսօր, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է կացնով խմբագրել պատմությունը` պատերազմ մղելով տեղեկատվական հարթությունում: Բովանդակային հարթությունում լինելով սնանկ՝ տուրք է տալիս ձևին, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ գումարներ ծախսելով սպառազինության վրա: Այս դահլիճում շատերն անձամբ են զգացել հաղթանակի բերկրանքն ու կհամաձայնվեն, որ պատերազմում հաղթում է ոչ թե փամփուշտը, այլ մարդը: Մարդու տեսակը, մարդու կամքը, մարդու համոզմունքները, հավատը և որ ամենակարևորն է՝ ազատատենչությունը: Հաղթում են քաղաքացիները, հայրենիքի, երկրի պատասխանատու և հպարտ քաղաքացիները, որոնց միավորում են ոչ թե կուսակցական պատկանելությունը, ճաշակը, նախասիրությունները, գրպանի պարունակությունը, այլ այն համոզմունքը, որ մեր գործն արդար է:

Մեր հարևանը, բազմաթիվ միջազգային գնահատականների համաձայն, կառուցում է բռնապետական, ռազմականացված հասարակություն, ամեն օր և ամեն ժամ իր հասարակությանը ներարկելով հակահայ քարոզչություն՝ սերմանում է ատելություն և թշնամանք:

Մենք գիտենք, որ հասարակության ռազմականացումը փակուղի է տանում: Կենսունակ և ուժեղ է այն հասարակությունը, որում գերակայում է բազմակարծությունը, որտեղ մարդիկ անկաշկանդ արտահայտում են իրենց գաղափարները, որտեղ գերիշխում է խոսքի ազատությունը, որտեղ կարևորի և գլխավորի մասին մտահոգ բանավեճում է ծնվում բոլորի համար ընդունելի տարբերակը: Մենք այդպիսի հասարակություն ենք կառուցում: Բոլոր թերություններով հանդերձ՝ արդեն երկար ճանապարհ ենք անցել այս ուղղությամբ: Ու վաղն էլ նույնն ենք անելու՝ շարունակելու ենք ամրացնել սահմանը, հզորացնել մեր պետությունը և ուժեղացնել մեր հասարակությունը:

Հասարակական-քաղաքական հարաբերությունների զարգացումը մեր երկրում մտել է որակապես նոր փուլ: Տեղի են ունենում գործընթացներ, որոնք միգուցե առաջին հայացքից դեռ լիովին ընկալելի չեն, բայց հիմնովին փոխում են այդ հարաբերությունների բովանդակությունն ու կանոնները: Հանրային նշանակության գրեթե բոլոր գործընթացներն այսօր նախաձեռնվում, իրականանում և արդյունք են տալիս միայն, երբ իրագործողները ինստիտուցիոնալ կայուն միավորներ են: Հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ և կազմակերպված կուսակցությունների դերը:

Այս միտումը գնալով միայն խորանալու է: Այլընտրանք չկա: Այն ժամանակի և մեր հասարակության հասունության թելադրանքն է, որը նվազեցնում է անհատի, նույնիսկ ամենավառ անհատի դերը և մեծացնում խմբերի ու ներգրավման նշանակությունը:

Խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողները և գրեթե զրոյի են հավասարեցնում «Բարև ձեզ, ես այսինչն եմ և ես եկել եմ ձեզ կառավարեմ» տրամաբանությամբ երևույթները: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին, երբ հիմնական դերակատարները դառնում են ընդգրկուն հաստատությունները:

Չտեսնել այս միտումները, նշանակում է հետ մնալ ժամանակից: Ավելին ասեմ, մենք շարունակելու ենք խրախուսել հասարակական-քաղաքական դաշտի այսօրինակ զարգացումը: Սա է գործուն ժողովրդավարության հասնելու և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ինքնադրսևորման աստիճանը բարձրացնելու ամենաարդյունավետ ճանապարհը:

Երբեմն երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հնչում է մի հրաշալի վանկարկում. «Մենք ենք տերը մեր երկրի»: Համաձայնեք՝ շատ ոգևորիչ փաստ է: Մենք յուրաքանչյուր քաղաքացու համար իրեն երկրի տերը զգալու և այդ զգացումն իրականացնելու հնարավորությունները պետք է արդյունավետ դարձնենք: Քաղաքացու համոզմունքը կամ բողոքը կարող են իրացվել հասարակական շարժումների միջոցով՝ հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցելու բաց հնարավորություններ ունենալով: Քաղաքացու պատկերացումներն ու պետության ընթացքի վերաբերյալ գաղափարները կարող են իրացվել նաև քաղաքական դաշտում՝ ընդգրկուն ու գործուն կուսակցական խողովակների հասանելիությունն ունենալով: Ամենագետ ու փրկիչ առաջնորդի գաղափարը սին է, դա ամբողջովին այլ տեղ է տանում, և մարդիկ դրա մասին լավ գիտեն: Առաջընթացի ճանապարհը նստել սպասելը չէ, թե նախագահը կամ վարչապետը որտեղից կհայտնվեն և ինչ կասեն, որ անենք: Չկա՛ նման ճշմարտություն:

Առաջընթացի ճանապարհը միավորումն է, մտքերի, գաղափարների ու դժգոհությունների համատեղումն է, գործուն մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս դրանք առանձնացնել, մշակել և իրագործել: Եվ Հայաստանը հաստատապես այդ ճանապարհով է շարժվում: Առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտի առաջատարն է և ամենամեծ քաղաքական կառույցը: Հետևաբար մեր կուսակցությունը կրկնակի խնդիր ունի լուծելու: Մենք ենք, որ առաջին հերթին պետք է շարունակենք խթանել քաղաքական դաշտի զարգացումը, բյուրեղացումն ու հավասար հնարավորությունների ապահովումը կուսակցությունների և դասական երկբևեռ քաղաքական դաշտի կայացման համար:

Եվ երկրորդ, Հանրապետականի զարգացումն ինքնին չպետք է հետ մնա ժամանակի թելադրանքից: Մեր կուսակցությունը շարունակելու է աճել ու ամրանալ, ամրանալու է նաև կուսակցություն-հասարակություն կապը: Ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը պետք է նոր թափ հաղորդենք, խթանենք կանանց և երիտասարդական կառույցների բովանդակային ներգրավման մեծացումը: Ներքևից վերև տեղեկատվական հոսքերի անընդհատ ավելացման պայմաններում Մելիք-Ադամյան 2-ում պետք է հզորանա վերլուծական բաղադրիչը: Այս և բազմաթիվ այլ նպատակներ լինելու են մեր առաջիկա աշխատանքի առաջնահերթությունները:

Գալիք տարիների ընթացքում պետական ողջ համակարգն աշխատելու է ուժերի գերլարումով: Իշխող կուսակցության խնդիրն է օժանդակել այս գործընթացին զտված ու մշակված գաղափարների անընդհատ հոսքով և տեղերում՝ իրականացվող քաղաքականության արդյունքների ստուգման ու հետադարձ կապի ապահովման ճանապարհներով:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ամփոփելով խոսքս՝ կոչ եմ անում բոլորիդ տրամադրվել լուրջ և տևական աշխատանքի: Այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք մենք պատրաստվում ենք կյանքի կոչել և այն քայլերը, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել, կենսական նշանակություն ունեն մեր երկրի և մեր ժողովրդի համար: Դրանից կախված է ոչ միայն մեր կուսակցության, այլև մեր ողջ երկրի վարկը: Եթե մենք այսօր ամենամեծ կուսակցությունն ենք Հայաստանում, ապա դա հիմք չէ թուլանալու կամ ավելորդ ինքնավստահության: Ճիշտ հակառակը, մենք ամեն օր պարտավոր ենք վերահաստատել առաջատարի մեր դիրքերը՝ վերահաստատել գործով, կեցվածքով ու նպատակամղվածությամբ:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ գործունեություն՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ