«Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞». Ի՞նչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի հետ. Իրատես
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։
«Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, ուղղակի շատ «միապաղաղ» է անցում այս մի քանի օրը, զարմանալի է»,- հակադարձեցի:
«Երկրում չէր, եկել է արդեն ու տղամարդու իր խոսքը կասի»,- հայտնի ֆիլմի հերոսի պես կատակեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։ «Չասացիք, էլի, թե ինչու է փոխվել»,- էլի դժգոհեցի ու գնացի։ Այս «հույժ» կարևոր հարցում օգնության հասան կառավարության մեր աղբյուրները։
Կառավարությունում էլ վերջին շրջանում տարբերություն են նկատում առաջվա և այսօրվա Նիկոլ Փաշինյանի միջև։ Ասացին, որ ավելի մտածկոտ է դարձել, երևի քիչ-քիչ ուզում է մտնել պաշտոնյայի «կաշվի» մեջ։ «Թե՞ օղակը շատ են սեղմում»,- սադրեցի։ «Երկիր ղեկավարելն ընդդիմության հանրահավաք վարել չէ, է՞»,- այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչը զայրացավ ու գնաց։ Թե ասա՝ ի՞նչ հարցրի, որ ջղայնացար»: