Չինարիում խուճապ չկա. երեխան էլ պաշտպանվելու ձևը գիտի /վիդեո/
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարին 1250 բնակիչ ունի: Չնայած, ինչպես պատմում է գյուղապետ Սամվել Սաղոյանը, Չինարիում պատերազմի ավարտից հետո առ այսօր կրակոցները չեն դադարել, թշնամին երբեք չի թողել, որ իրենք խաղաղ կերպով աշխատեն, իրենք դպրոց ու մանկապարտեզ ունեն: Մանկապարտեզում 28 երեխա կա այսօր, իսկ դպրոցում` 119 աշակերտ:
Այս մասին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմակերպված այցի ժամանակ լրագրողներին պատմեց Սամվել Սաղոյանը: Գյուղում արտագաղթ կա. թշնամու պատճառով մարդիկ չեն կարողանում իրենց վարելահողերը մշակել: ”Հողերը գտնվում են թշանմու վերահսկողության ներքո ու չեն մշակվում, միայն ներքևի տարածքն է մշակվում”,-ասաց նա` հավելելով, որ գյուղում զարկ է տված խաղողագործությանը, որը տեղացիների հիմնական զբաղմունքն է:
”Մենք կարողանում ենք ապրել ու արարել, սակայն խաղաղություն ենք ուզում. վերջին ամիսներին չթողեցին, որ մեր հարազատներին հուղարկավորենք ու ստիպված գիշերը հուղարկավորեցինք”,-պատմեց Սաղոյանը ու միաժամանակ նկատեց. ”Որ ասում են`տարածաշրջանում խուճապ է, չկա նման բան, ոչ: Չինարեցին արդեն սովոր է, նունիսկ երեխաները պաշտպանվելու ձևը գիտեն, միայն վտանգավորությունը առաջին գնդակներն են, որ անակնկալ ձևով կարող են դիպչել”:
Սամվել Սաղոյանը ի գիտություն բոլորի հայտարարում է. ”Չինարեցին երբեք պատերազմի ժամանակ վախից չի փախել”: Նրա խոսքով` գյուղից գնում եմ հողը մշակել չկարողանալու պատճառով:
Գյուղապետն ու կոմբայնավարը նույնիսկ մեկ անգամ պաշտպանիչ սաղավորտ են կրել դաշտում, որպեսզի կարողանան հող մշակել:
Սահմանամերձ գյուղերի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին խոսելով` Սաղոյանը նշեց, որ այսօր իրենք գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, վերջին տարիներին միջհամայնքային ճանապարհն է վերանորոգվել:
Իսկ որն է բնակչության թիվ մեկ սոցիալական խնդիրը, այս և այլ հարցերի մասին` տեսանյութում: