Որքա՞ն է վճարել ՀՀ քաղաքացին «սիրուն աղջկա» շրջագայությունների համար. Հրապարակ
Հուլիսի 10-ին կլրանա ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման կամ, ավելի ճիշտ՝ պետբյուջեի հաշվին գործուղումների մեկ տարին:
Այդ ընթացքում Տաթևիկ Ռևազյան շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի:
ՔԱԿ նախագահի գործուղումներում ամենաուշագրավ կետերից մեկն այն է, որ նա իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում չի մասնակցել ԵԱՏՄ որևէ նիստի, փոխարենը հասցրել է 3 անգամ լինել Բրյուսելում և 2 անգամ՝ Ֆրանսիայում:
Մեր ունեցած տեղեկություններով՝ նա անգամ հասցրել է «անսալ» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, այն է՝ Ամանորին չբացակայել երկրից, և իր վաստակած հանգիստն է վայելել Կոպենհագենում: Սակայն այդ նույն կոչին չենթարկվող մի քանի այլ պաշտոնյաներ կորցրին իրենց աշխատանքը:
Ինչևէ, չշեղվելով թեմայից, նշենք, որ առաջիկայում ևս մեկ գործուղում է սպասվում Տաթևիկին. հուլիսի 17-19-ը նախատեսվում է հանդիպում «Ավիակոմպանիա ԱԶԻՄՈՒՏ» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ: Հետաքրքիր է, թե Ռևազյանն այս անգամ ինչ արդյունքներով կվերադառնա հերթական գործուղումից…
Զուտ որպես փաստ՝ Տաթևիկի նախորդ գործուղումների արձանագրած ցուցանիշները. չի գրանցվել ոչ մի նոր ավիաընկերության մուտք, հայկական շուկա մուտք չի գործել ոչ մի բյուջետային ավիաընկերություն, որոնց հետ հանդիպումների ժամանակ Ռևազյան ներդնում է իր բանակցելու գերբնական կարողությունները, չեն էժանացել ավիատոմսերը, չի ստեղծվել հայկական ավիափոխադրող և այլն, և այլն:
Սակայն մենք ունենք մեկ ուրիշ փաստ ևս. պետական բյուջեից բավականին կլոր գումար է հատկացվել չապահովված արդյունքների դիմաց, այսինքն՝ հանուն ոչնչի:
Բայց գուցե պետք է Ռևազյանի պես լավատես գտնվել և սպասել իր շրջագայությունների արդյունքներին, որոնք կիրականանան շատ շուտով՝ 15 տարուց: Եվ գուցե ճիշտ էր էդմոն Մարուքյանը, ով ՔԱԿ նախագահի որպես միակ առավելություն նշեց նրա սիրուն ադջիկ լինելը…
*ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործուղման ավիատոմսերի գների մասին տեղեկատվության աղբյուր հանդիսացել է https://www.govtravel.am/report/ կայքը: