Ոչ թե գեղեցիկ խոսքերի, հայհոյանքների, կանխատեսումների, այլ իրական աշխատանքի ժամանակն է. Է. Շարմազանով /վիդեո/
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ ոչ իշխանական ուժերը չեն մասնակցել մայիսի 22-ին կայացած կառավարության ծրագրի քվեարկությանը: Այս մասին նա ասաց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:
Էդուարդ Շարմազանովի խոսքով, ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է մասնակցել կամ չմասնակցել քվեարկությանը: “Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչպես քվեարկի կամ մասնակցի քվեարկությանը, թե ոչ”,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի, ՀՀԿ խմբակցությունն կառավարության ծրագրի վերաբերյալ տեսակետը արտահայտել է ելույթներով եւ քվեարկությամբ: Նրա խոսքով, այսօր ամբոխահաճո հայտարարություններ անելու ժամանակը չէ, այսօր անցյալը փառաբանելու ժամանակը չէ, այլ գործ անելու ժամանակն է:
“Մենք բոլորս պետք է լծվենք բարեփոխումների իրականացմանը, որովհետեւ ժողովուրդը մեզանից սպասում է ոչ թե գեղեցիկ խոսքեր, շատ դեպքերում հայհոյանքներ, վատատեսական կամ լավատեսական կանխատեսումներ, այլ իրական աշխատանք”,- նշեց Շարմազանովը: