Ձեր հաղթանակները շարունակական են լինելու. ՀՀ վարչապետ /ֆոտո/
Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու եւ պարգեւատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, նշել է. “Ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ մեր երկրի լավագույն դպրոցականներին: Գիտության տարբեր ոլորտներում ունեցած ձեր հաջողությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է: Ձեր ձեռքբերումներով դուք ապացուցում եք մեր ժողովրդի՝ կրթության հանդեպ ունեցած առանձնակի վերաբերմունքը”:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, ուսուցիչներին նվիրված եւ հոգատար աշխատանքի համար եւ անդրադարձել կրթական առաջիկա ծրագրերին: “Դուք մեր երկրի հպարտությունն եք, ապագայի մեր լավագույն նպատակների եւ լուսավոր ծրագրերի իրականացնողը: Մեր երկրի կայուն զարգացման եւ առաջընթացի գրավականը գիտելիքահեն հասարակությունն է, որի փայլուն ներկայացուցիչներն եք դուք: Համոզված եմ, որ ձեր հաղթանակները շարունակական են լինելու”, – ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիսավոր ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցել է 1460 երեխա, որից լավագույն 62-ը (Երեւանից եւ մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգեւների: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ լավագույն աշակերտներից կազմված թիմերը ՀՀ անունից կմասնակցեն օլիմպիական միջազգային աշակերտական խաղերին:
Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2013-2014 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ եւ խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել ՀՀ ԱԺ – ՀՀ ԿԳՆ արդյունավետ համագործակցության շրջանակում օրենսդիր մարմին աշակերտների այցելության մասին եւ կարեւորել նաեւ ՀՀ կառավարությունում նման ավանդույթի ձեւավորումը: Դա հնարավորություն կտա դպրոցականներին ծանոթանալու ՀՀ կառավարության պատմությանը, աշխատակազմի գործունեությանը, գործադիրի անդամների աշխատանքային առօրյային եւ կնպաստի էլ ավելի թափանցիկ գործունեությանը:
Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2013-2014 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ, հորդորել նրանց շարունակել լավ սովորել եւ մաղթել նորանոր հաջողություններ: