«Ծնունդդ շնորհավոր, Աստված պահապան պարոն Նախագահ». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լույսի ներքո խավարը ցրվելու է… Հերոսներին բյուրեղացնում է ժամանակը…
Ծնունդդ շնորհավոր
Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դառնում է 65 տարեկան:
Թույլ տվեք այսօր դեմ գնալ Սերժ Սարգսյանի իր շրջապատին թելադրած խաղի կանոններին՝ ոչ մի գովեստի խոսք, ոչ մի գնահատանք իր անձի, անցած ճանապարհի վերաբերյալ:
Պարոն Նախագահ, թույլ տվեք այսօր շրջանցել «լռության ուխտը» : Առավել եւս, որ վերջին խառը ժամանակներում «քարեր նետելն» է դարձել գոյատեւելու, հարմար տեղավորվելու եւ ապահովության գրավականը: Մինչդեռ կա նաեւ «քարեր հավաքելու», լռելու եւ խոսելու ժամանակ:
Պատմության փոշին մաքրելու է սուտ վկայություններն ու ուղղորդված քարոզչական աղբը: Աղմուկը մի օր լռելու է, եւ ժամանակը կշռելու է իրական գործը, նվիրումը, ջանքն ու ներդրումը:
Աղմուկ-աղաղակը, շոուներն ու անձնական փիարը, տարատեսակ էժանագին մտավարժանքներն ու «քայլերը» ժամանակավոր փայլ են, որ լույսի տակ խամրելու են եւ արհամարհվելու: Եւ չկա անհայտ բան, որ հայտնի չդառնա, խավարը, ի վերջո, լույսի ներքո ցրվելու է:
Սերժ Սարգսյանի կենսագրությունը անանձնական նվիրում, լուռ ու քրտնաջան աշխատանք, անուրանալի վաստակ է ամենամեծ երազանքի՝ հայրենի հողի ազատագրման, բանակաշինության, պետականության կառուցման եւ կայացման ճանապարհին:
Այսօր արդեն անկաշկանդ կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը մարդ է, տղամարդ է եւ հայ: Սա ասում եմ ոչ թե բամբասանքներին, պատերի տակ սրա-նրա լեգենդներին, տաքսիների մեջ ու միտինգներին հարթակ գցած միֆերին ականջալուր լինելով, այլ սեփական փորձառությամբ:
Նա քիչ է խոսում, գիտի սեփական խոսքի արժեքը, զուսպ է եւ չի սիրում տեսախցիկների առջեւ տարատեսակ դերեր խաղալ, ժպիտներ շռայլել, որպեսզի դուր գա: Նրա հոգը չէ սեփական անձի փիարը:
Փոխարենը գործում է՝ լուռ եւ անտրտունջ, առանց փող հնչեցնելու, առանց կոկորդ պատռելու, առանց տեսախցիկների առաջ «գաստրոլներ տալու», ամեն գնով վարկանիշը բարձրացնելու մոլուցքի:
Բոլոր հարաբերություններում ամենաթույլ խաղաղությունը Սերժ Սարգսյանի համար բախումներից ու պատերազմից գերադասելի է:
Նա հզոր բանակցող է՝ հանուն խաղաղության, հանուն համերաշխության: Նույնիսկ իր հրաժարականը ծառայեցրեց հանուն հայրենիքի, այլ ոչ ընդդեմ նրանց, ովքեր պատրաստ էին հայրենիքը կործանելու, եղբայրասպանության, միայն թե չկորցնեին իշխանությունը զավթելու հարմար պահը:
Թող որ հաճախ անտեղի, սուտ մեղադրանքներ են հնչել եւ հնչում, թող որ ծրագրված՝ դրսից ու ներսից թիրախավորվել է՝ որպես ազգային կերպար, ում պետք էր «մերժել»:
Սերժ Սարգսյանը դեռ շատ անելիք ունի Հայաստանի եւ Արցախի՝ միասնական երազանքի իրականացման համար:
Արցախյան հարցի լիարժեք կարգավորումն ու Արցախի անկախության ճանաչումը դեռեւս չի իրականացել, քանի դեռ երկրի դրսում եւ ներսում քայքայիչ ուժեր կան, որոնք ոտնատակ են տալիս հավիտենականը, ազգն ու հավատը:
Նորություն չի, հայոց պատմության մեջ բազում են եղել գաստրալյորները, ովքեր փորձել են պատմությունը վերախմբագրել:
Չի ստացվել նախկինում, չի ստացվելու այսօր: Հերոսները չեն արատավորվում, ժամանակն է նրանց կերպարը բյուրեղացնում:
Ծնունդդ շնորհավոր, Աստված պահապան, պարոն Նախագահ»: