18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշոտյանը տպավորված է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը` Համակարգչային նախագծում և կերամիկամասնագիտության գծով:

Նախարարը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել շրջանավատների ավարտական աշխատանքներին, ինչպես նաև ներկա գտնվել ներկայացված աշխատանքների պաշտպանությանը: Քննությունից հետո նախարարը լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով` նշելով. 

Առաջին անգամ  չէ, որ ես ներկա եմ գտնվում Գեղարվեստի ակադեմիայի քննություններին և կարող եմ ասել, որ ես միշտ մեծ հաճույքով եմ մասնակցում հենց այս բուհի քննություններին, քանի որ սա այն բացառիկ մասնագիտություններից մեկն է, որի քննությունն իսկապես շատ հաճելի է դիտել: Ակնհայտ է, որ այսօր մենք ունենք բազմաթիվ լավ ուսանողներ և շրջանավարտներ այս ոլորտում, և ակադեմիայի դասախոսական կազմի մասնագիտական և ուսանողների կրթության որակն իրավամբ մրցունակ է  տարածաշրջանում:

Այսօր մենք կարող ենք փաստել, որ ունենք բազմաթիվ բարձրորակ արվեստագետներ, մասնագետներ, նկարիչներ, քանդակագործներ, մի խոսքով`  տաղանդավոր երիտասարդություն: Նրանք ժամանակակից են, բայց միաժամանակ ազգային, ստեղծարար են և արձագանքում են օրվա խնդրին, այդ օրվա նյարդով են ապրում` միաժամանակ գիտակցելով ավանդական, ազգային արժեքի նշանակությունը: Այս քննությունների ընթացքում, կարելի է ասել, ակադեմիայի շրջանավարտներն առիթից օգտվում են` իրենց շնորհը և տաղանդն ի ցույց դնելու համար:

Նրանք մեր ազգային կրթական համակարգի, մեր ազգային մշակույթի արգասիքն են: Արվեստն ամենագլոբալիզացված և տրանսազգային ոլորտներից մեկն է. եթե այլ ոլորտներում սահմաններն էլի փլուզվել են, ապա արվեստի բնագավառը առհասարակ սահման չի ճանաչում: Այսօր բազմաթիվ հայ արվեստագետներ արարում են այլ երկրներում, բայց նրանք մեր մշակույթի մի մասն են:

Այո, կարելի է վստահությամբ ասել, որ մենք մշակույթի նախարարությանն ենք փոխանցում շատ լավ, որակյալ մասնագետներ,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհի շրջանավարտների շատ անուններ արդեն հայտնի են հասարակությանը:

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հերթին նշել է, որ բուհի ավարտական պաշտպանություններն ըստ ավանդույթի անցնում են  Նկարիչների միության դահլիճներում և ըստ բանախոսի` դրանք երբեմն այնքան շատ են, որ տեղ չեն գտնում ցուցասրահներում: Ես շատ գոհ եմ մեր բուհի դասախոսների և ուսանողների աշխատանքից, որի  արդյունքը երևում է հենց դիպլոմային աշխատանքի ժամանակ:  Ես միշտ կրկնում եմ`  եթե ուզում եք տեսնել բուհի դեմքը, տեսեք նրա ավարտական աշխատանքները և որակները,-նշել է Ա. Իսաբեկյանը` հավելելով, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակները 90-ից ավելի տոկոսով հաղթում են Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ