22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Ինչքան էլ ոչ ստանդարտ լինի Հայաստանի իրականությունը, մի բանի իրավունք մենք հաստատ չունենք՝ պարզունակ պատկերացումների։ Ինչ զարգացումներ էլ լինեն այս էքսպերիմենտալ փուլում, պարզունակությունն այն շռայլությունն է, որը մենք որևէ պարագայում իրավունք չունենք մեզ թույլ տալու։

Հայաստանում իրոք տեղի են ունեցել մեծ ծավալի փոփոխություններ և, դատելով ընթացքից, սպասվում են շատ ավելի լուրջ ծավալներ։ Փոխվում են մարդիկ, փոխվում են հարաբերությունները, սպասումները։ Հայաստանի շուրջ ընդհանրապես խոսք կարող է լինել նոր քաղաքական քարտեզի ձևավորման մասին։

Հայաստանի չանցնող շոկը

Մեկ տարի անց դեռևս չի անցնում ներհայաստանյան շոկը։ Մեկ տարին քիչ ժամանակ չէ, և եթե մթնոլորտը չի դառնում կայուն, զարգացման միտումներով, ուրեմն ինչ-որ կարևոր բան սխալ է գնում։

Հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու։ Երկիրն ապրում է շոկային իներցիայի պայմաններում։

Այս իրականությունն ունի ծանրացնող մեկ այլ վտանգավոր բաղադրիչ՝ քաղաքական դաշտի կազմալուծումը, որից դուրս գալու ելքեր առայժմ չեն գտնվում։ Իսկ դա նշանակում է, որ պետությունը բաց է բոլոր վտանգավոր գաղափարների և բոլոր վտանգավոր զարգացումների համար։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ներքին տոքսիկ շրջանակների և դրսի՝ մեր անկայունությամբ շահագրգիռ ուժերի վտանգավոր ազդեցությունը ուժեղանում է։ Եվ մեծանում է նրանց «արդյունավետ համագործակցության» հնարավորությունը։ Արտաքին մարտահրավերներին համարժեք չենք, ներսում չենք նկատում նոր մարտահրավերները, զուգահեռ՝ միտումնավոր, թե չիմացությամբ, ինքներս մեր ձեռքով ստեղծում ենք նորերը։

Տեղական արտադրության մարտահրավերներ

Բազմաթիվ հին ու նոր խնդիրներին վերջին տարում մենք ավելացրել ենք ինքներս մեր ձեռքով ստեղծած նոր մարտահրավերներ, որոնք պայմանական կարելի է բաժանել երեք մեծ խմբի։

1. Նոր Հայաստանը սկսում է նույնականացվել չաշխատող Հայաստանի հետ։ Պետության շարժիչը չի աշխատում։

2. Արցախի հետ հրապարակային անջրպետը։

3. Անցյալի հետ չդադարող պատերազմը։ Նոր իշխանությունները ապագայի, ասել է թե՝ զարգացման կռիվը, ստորադասում են անցյալի հետ կռվին։

Այսքանով հանդերձ կա մի հանգամանք, որը ես կկոչեմ «երկար լեզվի ֆենոմեն»։ Նոր իշխանության լեզուն օբյեկտիվորեն երկար է։ Եվ այն իր ռեալ աշխատանքի բացակայությունը, բոլոր ձախողումները փոխհատուցում է՝ հասարակությանը պարբերաբար հիշեցնելով նախորդ երկար տարիների ընթացքում ձևավորված բարքերն ու անարդարությունները, համեմված՝ լավ հորինված ու ներարկված լեգենդներով։ Ու դա աշխատում է։ Սա առաջին հայացքից կարող է փակուղի թվալ և հուսահատ անել հասարակության պրոգրեսիվ հատվածին։ Նորերը սխալներ են թույլ տալիս, իսկ ցանկացած փորձ՝ դրա դեմն առնելու, հանդիպում է իշխանության կազմակերպած արշավին, թե՝ ուզում են վերադարձնել հինը։ Իրոք ստացվում է փակուղի՝ դեպի առաջ դուռը փակել է նորը, դեպի հետ՝ հասարակությունը՝ բոլորս։ Ինչպե՞ս գտնել լուծումը։

Հեռանկար Հայաստանի համար

Նոր հասարակական մտքի և նոր հասարակական բևեռի ձևավորումն այլևս կախված չէ որևէ մեկի ցանկությունից։ Սա նույնպես նոր իրողություն է։ Իրականությունն է ստիպում դրա կայացումը։ Հնի հետ անվերջ կռիվը և տապալվող ներկան բնականորեն կենսական պահանջ են դարձնում նոր՝ ապագային միտված բևեռի ձևավորումը։

Այս բևեռը, այս շարժումը պետք է կառուցվի «ավելի նոր Հայաստանի» գաղափարի վրա։ Ավելի նոր Հայաստանն է նոր հանրային մտքի տեսլականը։ Օբյեկտիվորեն մերժված հնի ու

խիստ անորոշ, ռիսկային ներկայի պայմաններում կենսական անհրաժեշտություն է դառնում «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի ուժեղացումը, որը ենթադրում է պետության մոդեռնիզացիա, գրագետ կառավարում, ներքին համերաշխություն։

Դա միակ մոդելն է, որը հնարավորություն կտա պայմանական ասած հին և նոր Հայաստանների՝ կարող ու պրոգրեսիվ անձանց ջանքերը համատեղելու։ «Հին» Հայաստանում կան մեծ փորձի և գրագիտության պաշարով մարդիկ՝ ճիշտ այնպես, ինչպես և «նոր Հայաստանում», և կա խնդիր՝ ջնջելու նրանց միջև արհեստականորեն գծված այդ բաժանումը։ Հենց այդ դաշտում է հնարավոր իշխանության ներսի սոլիդ անձանց և իշխանությունից դուրս գտնվողների միասնական օրակարգը, գոնե՝ ռիսկերի գնահատման հարցում։ «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի շրջանակներում է միայն հնարավոր տարբեր սերունդների ու տարբեր մոտեցումների համատեղումը, հիմնված՝ գրագիտության և պրոգրեսի վրա։

Մեզ պետք է նոր քաղաքացիական բևեռ, որը կկռվի ոչ թե անցյալի դեմ, այլ՝ ապագայի համար։

Այդ նոր բևեռը, նոր հոսանքը պետք է կառուցված լինի հետևյալ սկզբունքների վրա.

1. Երկրի մոդեռնիզացիա և զարգացման գրագետ, մշակված ծրագրեր։ Մենք ուշանում ենք. պետք են հստակ բարեփոխումների հայեցակարգեր, անելիքի, քայլերի և արդյունքների հստակ ժամանակացույց։

2. Ներքին համերաշխություն, բոլոր կարող ուժերի համախմբում

3. Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգ, Հայաստանի ու Արցախի, սփյուռքի խորը ինտեգրացիոն նոր համակարգ։

4. Հայաստանը չունի ռեսուրս՝ հնի վերադարձի կամ անորոշ ներկայի։ Միակ պահանջարկված տենդենցը գործնական առաջընթացի և քաղաքակրթական պրոգրեսի գաղափարն է։

Հայաստանի ու Արցախի, Հայաստանի և սփյուռքի միասնականության կողքին այսօր շատ կարևոր է՝ «հին ու նոր Հայաստանների» միավորման գրագետ և արդյունավետ մի գործընթաց սկսել, որը թույլ կտա մեր առավել օգտակար մարդկային ռեսուրսները միավորել՝ հանուն բարդացող խնդիրների լուծման։ Հայաստանն ունի մեկ տարբերակ. այս բարդ տարածաշրջանում պետք է դառնալ ժամանակակից զարգացող պետություն՝ նոր գաղափարներով, նոր լուծումներով, նոր մթնոլորտով։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ