Օդաչուները կդիմեն ծայրահեղ քայլերի. զգուշացնում են
“Հաշմանդամ օդաչուների միություն” հասարակական կազմակերպության անդամները այսօր, Կառավարության հերթական նիստի օրը բողոքի ակցիա անցկացրին Գործադիրի շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք փոխհատուցումը:
“Մենք 7 տարի պայքարում ենք, որ փոխհատուցումը ստանանք, մեզ ոչ մի կոպեկ չեն փոխհատուցում, իսկ կառավարության կողմից քար լռություն: Մենք օդաչու հաշմանդամներ ենք, մեր հաշմանդամությունը ստացել ենք օդում, աշխատանքի ժամանակ: Մեզ փոխհատուցել են Խորհրդային միության օրոք: Մեզանից յուրաքանչյուրին մեծ գումարներ են պարտք, դրանք մեկ միլիոնի սահմանները անցնում են”, – տեղեկացրեց նախկին օդաչու Դավիթ Դավթյանը։
Հաշմանդամ օդաչուների խոսքով՝ իրենց պետք է փոխհատուցի այն ընկերությունը, որը փոխարինել է “Հայկական ավիաուղիներն”:
Օդաչուները հավատում են, որ միայն երկրի նախագահը կարող է տալ իրենց հուզող հարցերի պատասխանը:Սակայն բազմաթիվ դատական հայցերը նրանց ոչ մի օգուտ ու հույս չեն տվել: Նրանք հույը կյապում են միայն երկրի նախագահի խղճի հետ:
Նախկին օդաչուների խոսքով որոշ ժամանակ նրանց հատուցել են, իսկ այժմ անընդհատ ասում են սպասեք, սպասեք, արդեն վաղուց ոչ ոք իրենց չի հատուցում։ “Ամեն անգամ ասում են, էսօր կտանք, վաղը կտանք ու էդպես 7 տարիա տանում բերում են”,-ասաց նախկին օդաչու Արսեն Հակոբյանը։
Օդաչուները վստահ են, որ եթե պետությունը ցանկանա փոխհատուցել հաստատ միջոցներ կգտնի. “Պետք է ցանկություն ունենան, երկար ժամանակ նախագահականի շենքի մոտ էինք ակցիա անում, բայց ապարդյուն, մեզ ոչ ոք բանի տեղ չդրեց, արդեն որոշել ենք ավելի ակտիվ գործողությունների ենք անցնելու”,-ասում է նախկին օդաչուն։
Թե ինչ քայլերի կգնան նախկին օդաչուները դեռ անհայտ է, այդ մասին նրանք չեն մանրամասնում: