05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց դա պիտի վերաբերի նորանկախ պատմության բոլոր «թալանչիներին». Արփինե Հովհաննիսյան

«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց խոսքը պիտի վերաբերի Հայաստանի նորանկախ պատմության ԲՈԼՈՐ «թալանչիներին» (առանց որեւէ բացառության). խուսափողներ չպետք է լինեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով նաեւ հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Թալանչիներից» գույքի վերադարձի եւ այդ ընթացքում հայեցողության բացառման մասին

Երեկ իրավաբան, այլեւս «քաղաքական գործիչ» եւ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդն արել է մի շատ կարեւոր հայտարարություն, որի համաձայն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։

Հասկացաք չէ՞։ Իրենք աշխատանքային խմբով գրել են, նույնիսկ պետական մարմիններ չեն ուղարկել (էլ չեմ խոսում հանրային քննարկման կամ քաղաքացիական հասարակության հետ քննարկման մասին) եւ ուղարկել են միջազգային փորձաքննության: Այս մասին քիչ ուշ կլինի մեր կազմակերպության հայտարարությունը, որը միանգամից մի քանի կարեւորագույն հարցի է անդրադառնալու:

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծի խիստ կարեւորությունը եւ ժամ առաջ դրա վերաբերյալ հանրային քննարկում սկսելու անհրաժեշտությունը` ես կրկին կստանձնեմ պատասխանատվություն եւ կանեմ այն, ինչը պատկան մարմինները պարտավոր էին անել վաղուց՝ կհրապարակեմ օրենքի նախագիծը (տես` մեկնաբանությունը)։

Եթե կա նախագծի լրամշակված տարբերակ, ապա ճիշտ կլինի, որ պետական մարմիններն այն հրապարակեն, որպեսզի քննարկումն ավելի արդյունավետ ու թիրախային լինի։ Օրենքի որակին չեմ անդրադառնա, դրա վերաբերյալ իրավաբանները կհայտնեն իրենց տեսակետը։ Տասնյակ էջեր կազմող վերլուծականս եւս չեմ ներկայացնի, դրա ժամանակը դեռ կգա: Առայժմ մեկ-երկու դիտարկում, որ իմանաք՝ ինչպես մոտենալ փաստաթղթին:

Ըստ օրենքի նախագծի`

Ա. Ապօրինի ծագում ունեցող գույք է համարվում ցանկացած գույքը, որի օրինական ծագումը չի հիմնավորվում սույն օրենքով նախատեսված կարգով, անկախ դրա` սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռքբերված լինելուց: Այսինքն, բոլոր նրանք, որոնք այս օրենքի տիրույթում գտնվող պաշտոնատար անձինք են կամ եղել են այդպիսին, պիտի համարեն, որ չունեն օրինական գույք, քանի դեռ դա այս օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել:

Բ. Օրենքը տարածվում է նաեւ պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց վրա: Կասեք՝ նորմալ է: Ես էլ կասեի, եթե նախագիծը չափազանց լայն չսահմաներ «իրական շահառու» եւ «փոխկապակցված անձ» հասկացությունները։ Օրինակ, նախագիծը սահմանում է, որ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե հանդիսանում են միեւնույն ընտանիքի անդամներ, կամ վարում են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ։ Այս տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում ստացվում է, որ մարզպետարանի կամ նախարարության ԲՈԼՈՐ աշխատողները հանդիսանում են տվյալ մարզպետի կամ նախարարի հետ փոխկապակցված անձինք։

Գ. Առավել հետաքրքիր (եւ իմ կարծիքով՝ շատ ճիշտ) են հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ կարգավորումները։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին՝ անկախ դրա սույն օրենքի ընդունումից առաջ կամ հետո ընկած լինելուց: Սա նշանակում է, որ ստուգվելու է ոչ թե «վերջին քսան տարվա թալան»-ի արդյունքում ձեռք բերված գույքի օրինականությունը, այլ՝ անկախությունից ի վեր ձեռք բերված գույքի օրինականությունը։ Այսինքն, 1991 – 2019 թվականներին տեղի ունեցած թալանի մասին տվյալներ ունեցող ցանկացած անձ կարող է համապատասխան տեղեկությունները հայտնել իրավասու մարմնին։

Ավելորդ չեմ համարում նշել, որ օրենքի գործողության տիրույթում է գտնվում յուրաքանչյուր ոք, ով երբեւէ հանրային պաշտոն է զբաղեցրել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Իսկ վերջիններիս էլ փոխկապակցված, ինչպես արդեն նշեցի, գործնականում համարվում է ցանկացած անձ, ով աշխատել է այս մարդկանց հետ:

Ուստի կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ եթե ունեք 50 մլն դրամը գերազանցող ցանկացած գույք, ապա սկսեք հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը։ Սեփականության վկայականները բավարար չեն, մտածեք գույքի ձեռքբերման գումարների եւ դրանց ծագման աղբյուրների մասին:

Ի դեպ, ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ նոր իշխանավորներին: Օրենքը վերաբերելու է նաեւ ձեզ։ Հենց որ գա այն անխուսափելի պահը, երբ այլեւս իշխանություն չեք լինի, ստիպված պիտի ասեք, թե որ գույքը որտեղից եք ձեռք բերել եւ ինչպես: Գիտեմ, որ ձեր ոտքերն ամպոտ են, բայց ամեն դեպքում իրազեկում եմ։

Դ. Ըստ նախագծի՝ իրավասու մարմինը գլխավոր դատախազությունն է: Կարծում եմ՝ մինչեւ գլխավոր դատախազը եւ մի շարք այլ անձինք վեթինգ չանցնեն, նրանց այսպիսի գործիք տալը մեղմ ասած հիմնավոր չէ:

Սրանք դեռեւս ամենացցուն օրինակներն են, որոնք ցույց են տալիս, որ նախագիծը պետք է մանրամասն քննարկվի եւ ունենա երաշխիքների այնպիսի համակարգ, որ տպավորություն չստեղծվի, որ այն ինչ-որ կոնկրետ անձանցից գույք վերցնելու համար է գրվել:

Հ.Գ.1 Երբ իրավաբան «քաղաքական գործիչն» ասում է, որ նախագծով ներմուծվող ինստիտուտը գույքի դեմ է, այլ ոչ թե անձի, այդ միտքը գրում է օրենքում՝ որպես դեկլարատիվ նորմ եւ դրա համար ստանում է արդարադատության նախարարի պաշտոնը, մնում է միայն ասել՝

էդպես լավ չի, մի հատ էլ երդվիր, որ գույքի դեմ է, այլ ոչ թե անձի: Դրա փոխարեն այնպես գրեիր, որ նման կասկածներ չառաջանային, բայց այս մասին` հաջորդիվ:

Հ.Գ.2 Ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս ջանքերս ուղղելու եմ, որպեսզի ապահովվի իրավասու մարմնի անաչառությունը եւ որպեսզի օրենքով բացառվի ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (թե որ թվականի կամ ում կատարած թալանի հետեւից գնալ, իսկ որի հետեւից` ոչ):

«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց խոսքը պիտի վերաբերի Հայաստանի նորանկախ պատմության ԲՈԼՈՐ «թալանչիներին» (առանց որեւէ բացառության): Խուսափողներ չպետք է լինեն:

Ըստ այդմ, ջանքերս ուղղելու եմ, որպեսզի օրենքով ամրագրվեն երաշխիքներ առ այն, որ անձինք կհայտնաբերվեն ու կպատժվեն ժամանակագրական հերթականությամբ` առանց հայեցողության կիրառության։ Սա է միակ երաշխիքը, որ օրենքը կգործի բոլորի համար, եւ չեն լինի անձեռնմխելիներ։

Հ.Գ.3 Իհարկե, Արմեն Սարգսյանն այս նախագծի հետ կապված որոշ անելիքներ ունի: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ինքը չի եկել, որ բոլորին ուրախացնի, այլ եկել է, որ վայելի իր պաշտոնը՝ որոշեցի նրան չանհանգստացնել։ Միեւնույն է, նա ոչ մի քայլ չի ձեռնարկի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ