Տիգրան Սարգսյանի մասին բացասական բան չի ասելու
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ԱԺ նիստում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանից, թե ինչ գնահատական կտա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը: Հովիկ Աբրահամյանն արձագանքեց՝ շատ լավ հասկանում է, որ փորձում են իրենց բացասական գնահատական ստանալ:
՛՛Իմ գործունեության տարիների ընթացքում նախկինների մասին ես որևէ բացասական կարծիք չեմ հայտնել: Դա իմ տեսակն է և ես ավելացնելու բան չունեմ՛՛,-նկատեց վարչապետը:
Սարգսյանի մյուս հարցին, թե Վերահսկիչ պալատի աղմկահարույց բացահայտումներից հետո քանի պաշտոնյա է ենթարկվել պատասխանատվության, վարչապետը պատասխանեց. ՛՛Դուք տեղյակ եք, որ երբ ես ԱԺ-ի նախագահ էի, Վերահսկիչ պալատի հաշվետվության ընթացքում մենք քննարկեցինք և ուղարկեցինք հաշվետվությունը Գլխավոր դատախազություն: Ճիշտ կլինի, եթե այդ հարցերը հնչեցնեք Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ՛՛:
ՀԱԿ պատգամավորը ևս մեկ հարց ուղղեց. ՛՛Վաղուց հայտնի փաստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաներին և պատգամավորներին գաղտնալսում են. դա ոչ միայն հակասահմանադրական է, այլև անբարոյական է: Դուք ի՞նչ միջոցներ ունեք, որպեսզի կանխեք այդ վտանգավոր երևույթը՛՛: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ գաղտնալսումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:
՛՛Եթե որևէ փաստ մենք ունենք, ապա դա լուրջ օրենքի խախտում է և նաև հանցագործություն է. պետք է հետամուտ լինենք մեր լիազորության շրջանակում՛՛,-ասաց նա: