Պատգամավորների օգնականներն էլ են պարգևավճար ուզում. Իրատես
Նախարարությունների, մարզպետարանների, ԱԺ աշխատակազմի ու պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների պարգևավճարն անչափ հուզել է պատգամավորների օգնականներին:
Սրտնեղում են նրանք՝ իրենք ինչո՞ւ պարգևավճար չեն ստանում: «Հարցը բարձրացնում են անընդհատ, ու ոչ միայն իրենց վերադաս պատգամավորի, այլև մյուսների մոտ: Ասում են՝ ումի՞ց ենք պակաս, ինչո՞ ւ պետական բարիքներից նաև մենք չօգտվենք: Ոչ միայն պարգևավճար են ցանկանում, այլև գործուղումների մեկնելու «ախորժակն» է մեծ: Անգամ նախանձում են միմյանց, թե ինչու է մի պատգամավորի օգնականն անընդհատ գործողումների մեկնում, մյուսինը՝ ոչ»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորի օգնականի կարգավիճակը չի փոխվել: Նա պետք է լավ հարաբերություններ պահպանի ու շփվի բոլոր լրագրողների հետ, հարկ եղած դեպքում կարողանա «կուլտուրական ձևով» մերժել լրագրողին ու համոզել, որ պատգամավորն անչափ խառն է, խիստ զբաղված է և այլն:
Իրավիճակ չի փոխվել նրանց աշխատաոճում նույնպես: Թվում էր, թե օրենսդրական նախաձեռնություններով, քաղաքացիների բողոք-դիմումներով, պատգամավորի փաստաթղթաշրջանառությամբ այնքան զբաղված պետք է լինեն, որ սենյակից դուրս գան միայն ինչ-որ հարցերի կամ ընդմիջում անելու համար: Պատկերը, սակայն, այլ է՝ Ազգային ժողովի «լաբիրինթոս» շենքի ամեն ծակուծուկ արդեն հասցրել են ուսումնասիրել, սելֆիներ հրապարակել ԱԺ «տեսարժան վայրերից» ու մի միջանցքից մեկ այլ միջանցք գնալ-գալ՝ ուսումնասիրելու, թե ով ինչով է զբաղված, ով ինչ է խոսում:
Տպավորություն է, թե նախորդ տարիների նման նրանց կարևորագույն առաքելությունը կարմիր գորգերի վրայով քայլելն ու դրանք մաշեցնելն է:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: