Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում. Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանությանը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում:
Ընդհանրապես, ինձ դժվար է ինչ-որ բանով զարմացնելը։ Բայց, շատ թավշյա ու մեղմ ասած, զարմացած եմ։
«Իմ Քայլի» պատգամավորը օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու, կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը:
Այսինքն՝ առաջարկում է դատել։
Այն, ինչի միջով անցա ես որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, երբ նախրացած մի զանգված առավոտից երեկո հայհոյում, սպառնում եւ վիրավորում էր ինձ ու իմ ընտանիքին, շատ քչերն են նման փորձության միջով անցնում։ Սակայն որեւէ անգամ իմ մտքով չանցավ նման նախագիծ «երկնել»։
Եվ հիմա, բոլոր այն գործիքները, քայլերը, որոնք հեղափոխության ժամանակ կիրառել է ներկայիս հեղափոխական իշխանությունը, եթե որեւէ մեկի մտքով հանկարծ անցնի նման քայլեր անել, առաջարկվող նախագծով քրեորեն պատժվելու է։
Պարզ ասած՝ դատվելու է։
Բերեմ նախագծից մի քանի դրույթ. իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններ կատարելը, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների եւ վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն, ահա բոլոր այս դեպքերում դուք կարող եք համարվել քրեական հանցագործ եւ կալանավորվել։
Եվ, ի վերջո, ստացվում է, որ իշխանության ներկայացուցչին չի կարելի վիրավորել, իսկ շարքային քաղաքացուն, փաստորեն, կարելի՞ է: Հա՞: Ասեմ, որ հեչ լավ չի ստացվում:
Ես ուզում եմ մտածել, որ այս նախագիծը ոչ թե իշխանության քաղաքական որոշումն է, որի իրականացումը հանձնարարվել է մեկ պատգամավորի, այլ մեկ պատգամավորի անձնական նախաձեռնությունն է, որը ուղղակի ջախջախվելու է Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային մյուս կառույցների կողմից։
Էսպես դաժանորեն մսխել հանրային վստահությունը, ոչ մեկին, ոչ մի ժամանակում դեռ չէր հաջողվել»։