Հատուկ հայտարարություն ունեմ անելու. Արմեն Սարգսյան
Երբ ես նայում եմ աշխարհին, չեմ ուզում ասել, որ նույն աստվածաշրնչյան ջրհեղեղի առասպելական ողբերգությունն է վրա հասել, բայց ես տեսնում եմ ջրհեղեղի նախանշաններ շատ տեղերում՝ նաեւ բնության մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մենք վատ ենք վարվում մեր բնության հետ, ինչը հիշեցնում է մեզ, որ արդեն որոշակի ջրհեղեղ է վրա հասնում: Եթե նայենք աշխարհաքաղաքական իրավիճակին, աշխարհով մեկ անորոշություն է տիրում: Աշխարհը նաեւ հեղեղված է նոր գաղափարներով, կամ հին գաղափարներով, որոնք նորից են երեւան եկել, գաղափարներ, որոնք հին գաղափարներից են ձեւակերպվել: Պոպուլիզմը, կեղծ լուրերը մեծ տարածում են գտել, նաեւ տարածված է թյուրըմբռնումը: Մենք ավելի ու ավելի շատ ենք կորցնում վստահությունը երկխոսության նկատմամբ»,-ընդգծեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ մեկնարկած գաթնաժողովը հենց տապանի պես է:
«Սա Նոյի տապանը չէ, բայց հայկական տապանն է, որտեղ 200-300 հոգի հավաքվում են ու սկսում են քննարկել, թե ինչպես կարելի է փրկել աշխարհը: Շատ ուրախ եմ, որ այս փոքր տապանը հանգրվանել է հենց Հայաստանում:
Շատ կարեւոր է, որ մենք Հայաստանում սկսենք լսել աշխարհի ասածը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այսօրվա աշխարհում, ինչ անել այդ կապակցությամբ, ինչպես անել այն, ինչը պետք է անել: Սրանք գլոբալ հարցեր են, սակայն վերաբերում են նաեւ Հայաստանին: Ո՞ւր ենք մենք գնում որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ազգ, ի՞նչ անել, ինչպես դա անել: Մեզ համար շատ կարեւոր է սեփական ուղին հարթել, սեփական պլանը մշակել: Սա Հայաստանի համար կարեւոր է նաեւ նրա համար, որովհետեւ բանականության գագաթնաժողովի շնորհիվ աշխարհը մեր մասին ավելի շատ կիմանա, մենք էլ ավելի շատ բան կիմանանք աշխարհի մասին»,-հայտարարեց Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում մի քանի խոշոր միջոցառումներ են տեղի ունենալու. Մասնավորապես, Հայաստանն ընդունելու է միջազգային տեղեկատվական ոլորտի մասնագետների խոշոր կոնֆերանսը:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր հիմնել են մտքերի գագաթնաժողովը, որը միշտ անցկացվել է Ֆրանսիայում, իսկ այս տարի առաջին անգամ անց է կացվում Հայաստանում: Նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, իր աշխատակազմին, հովանավորներին:
«Այս նիստի վերջում ես ունեմ նաեւ հատուկ հայտարարություն: Թեւերս շատերն այստեղ զարմացան, որ ինձ այստեղ փողպակով տեսան, որովհետեւ մենք սա համարել էինք անփողպակ միջոցառում: Պաշտոնական բացումից հետո փողկապներից կարելի է ձերբազատվել»,-ասաց Արմեն Սարգսյանը: