Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագրի գործնական առաջին փուլը՝ մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման հիպոթերապիայի ամիսը։ Ծրագրի շահառուները կազամակերպության ամենաթիրախային խմբի անդամներն են՝ հաշմանդամություն ունեցող 17 երեխաներ, ովքեր միայնակ մայրերի խնամքի ներքո են։
Մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր երեխա 12 պարապմունքի է մասնակցելու՝ 30-ական րոպե տևողությամբ։
“Ծրագիրն առաջարկել է “Հայ մայրեր” հասարակական կազմակերպությունը, և նման ծրագրերին աջակցությամբ արձագանքելը քաղաքապետարանի գործելաոճն է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անմիջապես ստանձնեցինք այս երեխաների առողջության ու նրանց ընտանիքների համար անչափ կարևոր ծրագրի իրականացումը։ Ծրագիրը ներառում է երեք փուլ, և ծրագրի ողջ ընթացքում քաղաքապետարանը լինելու է այս երեխաների կողքին”,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
Ծրագրում ներառված այլընտրանքային վերականգնողական բուժման փուլերն են հիպոթերապիան, հիդրոթերապիան, արտթերապիան։ Յուրաքանչյուր թերապիայի ամիսը 12-ական պարապմունք է ներառում յուրաքանչյուր երեխայի համար։
“Հիպոթերապիան ամենաարդյունավետն է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների վերականգնողական այլընտրանքային բուժման մեթոդներից։ Յուրաքանչյուր երեխայի դեպքում ակնկալում ենք յուրովի արդյունք, քանի որ մանկական ուղեղային կաթվածը շուրջ 50 տարատեսակ ունի, հետևաբար առողջության բարելավումը սպեցիֆիկ է։ Սակայն դրական փոփոխություն, վստահությամբ եմ ասում, յուրաքանչյուր երեխայի մոտ արձանագրելու ենք։ Այսպիսով, դեռևս ծրագրի մեկնարկին, թույլ տվեք բոլոր մայրերի անունից շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին՝ այս ծրագրին աջակցելու, ավելին՝ այսքան կարճ ժամանակում այն կյանքի կոչելու համար”,- նշել է “Հայ մայրեր” հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։
Ծրագրի մասնակից երեխաներից շատերը հիպոթերապիայի կուրսի մասնակցում էին ոչ առաջին անգամ։ Նրանց ծնողների խոսքով՝ հիպոթերապիան չափազանց կարևոր մեթոդ է։ Մասնակից երեխաներից մի քանիսը անգամ սկսել են քայլել հիպոթերապիայի առաջին իսկ կուրսից հետո։ Այս ծրագրի ավարտին ևս մայրերը ակնկալում են արդեն ձեռքբերած արդյունքների բարելավում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն