Խնդիրներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի հետ
Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված ‘’Զինապարտության մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ըստ այս նախագծի` կրթությունը Հայաստանից դուրս շարունակել ցանկացող արական սեռի քաղաքացիները զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն Կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում: Նրա խոսքով` կրթությունն արտերկրում շարունակել ցանկացողների մեծ մասը հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են, որոնց հիմնական մասը ցանկանում է կրթությունը այլ երկրում շարունակել զինծառայությունից խուսափելու համար:
Արտասահմանում կրթությունը շարունակելու իրավունք ստացած քաղաքացիները Կառավարության հետ կկնքեն 8.5 միլիոն դրամի չափով գրավի պայմանագիր, ինչն էլ երաշխիք կտա, որ նրանք հետագայում վերադառնան հայրենիք և իրենց գիտելիքներն օգտագործեն երկրի զարգացման և բարգավաճման գործում:
Նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ տարիներ առաջ մշտապես այս հարցի հետ կապված խնդիրներ է ունեցել Պաշտպանության նախարարների`Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի հետ, սակայն Կրթության նախարարները միշտ իր կողմից են եղել: ”Հիմա միակ դեպքն է, որ ԿԳ նախարարը ՊՆ դիրքորոշմանն է, ես չէի ուզի՝ դա էդպես լինի, դա ճիշտ չէ, դա ամենևին էլ հարգանք չէ Պաշտպանության նախարարությանը: ”Ախր, էդ թվերի մեջ տեղավորվել-չտեղավորվել, թոշակ դնելով, կներեք, ձեր գործը չի, հայը ներսից հակված է, ամեն ինչ կծախսի, որ կրթություն ստանա, լավագույն բուհերում հինգ հարյուր սովորող, միջինը՝ հազար, ունենա:
Հիմա եթե հաշվի առնենք բոլոր նրանց, ովքեր ասում են՝ ծառայությունն ավարտելուց հետո գալու եմ Հայաստան, դուք նրան պիտի օրենքով պաշտպանեք”:
Մանուկյանը նկատեց, որ Ադրբեջանի Կառավարությունն ինքն իր բյուջեից երեք հազար ուսանողի ֆինանասավորում է, ովքեր լավագույն բուհերում են սովորում: ”Հարցրի՝ ոնց են հետ գալու, ասեց՝ կեսն էլ հետ գա, գտած ա, չգա էլ, սփյուռքը կուժեղացնի: Ներող եղեք, որ Ադրբեջանի օրինակն եմ բերում: Բեռլինի ֆիլհարմոնիկում սովորող երեխեք կան, թռան ստեղից, Կոնսերվատորիայից, նրանք Հայաստան չեն գա:
Ձեր որոշումը, եթե հայտարարում ենք, նրանք ովքեր սովորում են, չգան, հետախուզման տակ են մտնելու, կներեք, նրանց ոչ մի տեղին էլ չի, չեն գալու”,-հայտարարեց ՀԱԿ պատգամավորը: