Մաքսային արտոնություն է ստանում ևս երեք ընկերություն
ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը: Ընկերությունն զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ձեռնարկությունների հետ: Այժմ ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: «Գլորիան» 2013թ. պայմանագիր է կնքել Ռուսաստանի կարի ֆաբրիկաներից մեկի հետ և ներմուծել հումք և օժանդակ նյութեր: Ընկերությունը պետք է մեկ տարվա ընթացքում պատվիրատուին առաքեր պատրաստի արտադրանքը, սակայն վերջինիս կողմից մոդելների վերջնական հաստատման ձգձգումը հնարավորություն չի տվել պատվերը կատարել սահմանված ժամկետում: Սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով երկարաձգել մաքսային ռեժիմի ժամկետը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2017թ. մայիսի 27-ը հետաձգել է «Մավաս գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 3 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և կատարելով շուրջ 1 մլրդ 250 մլն դրամի ներդրում, ստեղծելով մոտ 60 աշխատատեղ: