Աժ-ում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը, որին, սակայն, ներկա չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստից առաջ լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե արդյոք դա օրենքի խախտո՞ւմ չէ, որ վարչապետը ներկա չէ հարցուպատասխանին։
«Վարչապետը երկրո՞ւմ է։ Ձեր հարցի պատասխանը դուք չգիտե՞ք։ Իհարկե, օրենքի խախտում չի»,-լրագրողների հարցից զարմանալիորեն զարմացավ Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահն այնուհետև հորդորեց կարդալ օրենքը․ «Օրենքը կարդացեք, եթե կառավարության անդամը, այդ թվում՝ վարչապետը, երկրում չի, ապա նա, իհարկե, չի կարող այստեղ լինել»։
Նրան հիշեցրին, որ ժամանակին, երբ Կարեն Կարապետյանը երկրում չլինելու պատճառով բացակայում էր հարցուպատասխանից, այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեգնում էր, թե Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որևէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող։ Այստեղ Միրզոյանը շփոթվեց ու սկսեց անհաջող բացատրություններ փնտրել, որ արդարացնի թե՛ Փաշինյանի՝ այն ժամանակվա ասածները, թե՛ նրա՝ այսօր ԱԺ-ում չգտնվելը։
«Աշխարհի որ կետում էլ լինի՞: Օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է: Ես չեմ հիշում կոնկրետ դրվագը և կոնկրետ կոնտեքստը։ Եթե մարդ երկրում չի, գործուղման ա կամ, ենթադրենք, արձակուրդում ա, ո՞նց կարա գա էս դահլիճ չորեքշաբթի օրը»,-ասաց Միզրոյանը։
Նրան նորից հիշեցրին, որ Փաշինյանն էր այդպես պնդում։
«Ժողովուրդ ջան, չեմ հիշում։ Եկեք բացենք նայենք, որովհետև կարող ա պարոն Փաշինյանը նկատի ա ունեցել, որ երկրում ա»,-ասաց Միրզոյանը, ներողություն խնդրեց ու հեռացավ, քանզի նիստը սկսում էր։